«Մեզ պետք է, որպեսզի ընդդիմադիր լրատվամիջոցներն ունենան անկախություն, ոչ թե կախված լինեն ինչ-որ մեկից, որ իրենց պատվիրի՝ սա գրի։ Ուզում ենք, որ բոլոր ԶԼՄ-ներն ունենան անկախություն, որ մտածեն ոչ թե նրա մասին, թե ինչպե՞ս հաճոյանան իրենց ֆինանսավորողին, այլ, տվյալ դեպքում, երբ որ ֆինանսավորողը լինի հանրությունը, հասարակ քաղաքացիները, մտածեն՝ ո՞նց անեն, որ այդ մարդկանց այնպիսի տեղեկատվություն տան, որ համաձայնեն իրենց հաջորդ անգամ գումար տալ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ չհամաձայնելով լրագրողների տարբեր դիտարկումներին, որ այդպիսով փորձ է արվում սահմանափակել ընդդիմադիր լրատվամիջոցներին։
Խորհրդարանում այսօր կազմակերպվել էր Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագծի քննարկում։ Ըստ նախագծի, քաղաքացիների կողմից ՀԿ-ներին, լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերին և կուսակցություններին անհատույց հատկացվող գումարները ներառվելու են սոցիալական ծախսերի շարքում։
Նա վստահեցրեց, որ միակ չափանիշը լինելու է այն, որ ԶԼՄ-ն կհրապարակի իր հաշվետվությունը․ «Այսօր պահանջ կա, որ ԶԼՄ-ները պետք է հաշվետվություն ներկայացնեն, դա անում են իրենց կայքում, ինչ-որ տեղ։ Միասնական տեղ չկա, որ ներկայացնեն այդ հաշվետվությունը։ Ենթադրում եմ, արդար կլինի՝ այն մարդիկ, ովքեր գումար են տալիս լրատվամիջոցին, այդ տալու պահին հնարավորություն ունենան այդ տեղեկությունը ստանալ։ Ես իմ գումարը չեմ տա ձեզ, եթե դուք իմ մասին գրել եք։ Եթե մյուսները, ինչ-որ գրել եք, պարզվի ճիշտ է՝ կտան»։
Թե ինչպե՞ս է ապահովվելու նվիրատու անձի գաղտնիությունը՝ Վահե Հովհաննիսյանն ասաց՝ ընդհանուր կառուցակարգերի շրջանակում։ Հիմա էլ ՊԵԿ-ում կան մարդկանց շարժերի մասին տվյալներ, բայց դրանց արտահոսք չի լինում։ Առաջարկեց առանձին քննարկել մտահոգությունը, որ վարչապետն ասում էր՝ ԱԱԾ աշխատակիցն է որոշում տվյալների արտահոսքի հարցը, երբ Ռոբերտ Քոչարյանին վերաբերվող տեսագրությունը օդանավակայանից հրապարակվեց։ Լրագրողը տարակուսեց՝ հիմա էլ կարող է պարզվի ՊԵԿ աշխատակիցն է որոշում։
Ինչ վերաբերվում է կուսակցություններին տրվող գումարների մասով ընդդիմադիրների մտահոգություններին, որ ՔՊ-ին տրվող գումարներն են ավելանալու, Վահե Հովհաննիսյանն ասում է՝ այդ գումարները սահմանափակ են․ «Ոչ մեկը չի կարող պետական աշխատողներին ասել՝ ո՞ւմ փոխանցել, ոչ մեկ դրա նկատմամբ վերահսկողություն չունի»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: