Կալանքը որպես պատիժ կիրառելու պրակտիկան Հայաստանում հանգեցնում է մահերի. Աշոտյան

«Տեսանք՝ ինչ ֆիրմային ցինիկ ոճով էին իշխանավորներն արձագանքում իրենց իսկ ռեժիմի զոհ դարձած Արսենի մահվանը։ Ակնհայտ է, որ Արսենի մահն այս իշխանությունների խղճին է։ Խոսքը միայն բարոյական պատասխանատվության մասին չէ։ Մի կողմ դնելով մեղադրանքների բովանդակությունը, որոնց ճնշող մեծամասնության պարագայում որևէ հիմք չկա՝ անհամաչափ պատժամիջոցների, մասնավորապես՝ կալանքը որպես պատիժ կիրառելու պրակտիկան Հայաստանում հանգեցնում է մահերի։ Արսենն առաջինը չէ։ Հիշում ենք նաև այլ մահեր։ Հուսով ենք՝ վերջինն է այս իմաստով։ Բայց դատելով իշխանությունների արձագանքից՝ իշխանությունների վարքագիծը չի փոխվելու։ Պետք է փոխել իշխանություններին»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով երեկ քրեակատարողական հիմնարկում արձանագրված՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի քաղաքապետի թեկնածուի մահվան դեպքին։

Հարցին, թե ընդդիմության համախմբումը կբերի՞ իշխանափոխության, Աշոտյանը պատասխանեց.

«Որպեսզի բոլորս հիասթափություն չունենանք, պետք է ունենալ օբյեկտիվ ակնկալիքներ։ Դրանք չեն կարող կառուցվել ցանկալին իրականության տեղ ներկայացնելու վրա։ Այն, ինչ ունենք այս պահին, հուսադրող գործընթաց է, որից այս ռեժիմը նյարդայնանում է։ Դրա մասին են վկայում և՛ Սամվել Կարապետյանի կրկնակի կալանքը, և՛ Ռուբինյանի պահվածքը, և՛ շատ այլ հանգամանքներ։ Իշխանությունները գուցե ավելի շատ են վախենում այս գործընթացից, քան այս պահին բոլորս տեսնում ենք։ Սպասենք գործընթացի արդյունքներին»։

Աշոտյանը նկատեց, որ «անտինիկոլ» ստրատեգիան չաշխատեց, և պետք է դուրս գալ այդ պրիմիտիվ ու իրեն սպառած հայեցակարգից, ինչպես նաև ատելությամբ թելադրված խաղի կանոններից, որոնց մեջ է Նիկոլ Փաշինյանը։

«Դուք չեք կարող վամպիրի հետ արյուն խմելու մրցույթում մրցել, եթե ինքներդ վամպիր չեք։ Մենք վամպիր չենք, իմ ճանաչած ընդդիմադիր ուժերը վամպիր չեն։ Պարտադիր պայման է մշակել մի մոդել, որտեղ ատելություն չի լինելու։ Ոչ թե «անտինիկոլ», այլ՝ Նիկոլի փոխարեն»։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment