Իրանի հարցով Թրամփի ու Նեթանյահուի միջև տեղի է ունեցել «իսկական դժոխային վեճ»․ Ynet

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանգստյան օրերին հեռախոսազրույց են ունեցել, որի հիմնական թեման Իրանի հարցն էր։ Իսրայելական Ynet-ի հաղորդմամբ՝ զրույցին ծանոթ աղբյուրներն այն բնութագրել են որպես անսովոր բարդ և լարված խոսակցություն։ Աղբյուրներից մեկն այն անվանել է «իսկական դժոխային գոռգոռոցներով վեճ»։

Իսրայելի վարչապետի գրասենյակը կտրականապես հերքել է այս տեղեկությունը՝ պնդելով, թե հեռախոսազրույցը կոնֆլիկտային բնույթ չի կրել։

«Կեղծ լուր է, կատարյալ անհեթեթություն»,- այսպես է Նեթանյահուի գրասենյակն արձագանքել երկու առաջնորդների միջև բուռն վեճի և գոռգոռոցների մասին պնդումներին։

Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյան հաստատել է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել, սակայն նույնպես պնդել է, որ այն «ամենևին էլ բարդ խոսակցություն չի եղել»։

Չնայած այս հերքումներին՝ երեքշաբթի Քնեսեթում Նեթանյահուի արած հայտարարություններն ընդգծել են Իրանի հարցում կողմերի միջև առկա էական տարաձայնությունները։ Մինչ Թրամփի վարչակազմը ցանկանում է սպառել Թեհրանի հետ համաձայնության հասնելու բոլոր հնարավորությունները, Նեթանյահուն կարծում է, որ միջուկային սպառնալիքը հնարավոր չէ վերջնականապես վերացնել առանց Իրանի վարչակարգի տապալման։ Իրանի ուղղությամբ հարվածները վերսկսելու հարցը և դրանց հնարավոր ժամկետները երկու կողմերի միջև լարվածության առանցքային պատճառներից են դարձել։

Քնեսեթի 26-րդ գումարման երդմնակալության արարողության ժամանակ ելույթ ունենալով՝ Նեթանյահուն նախազգուշացրել է, որ Իրանը փորձում է վերականգնել իր միջուկային սպառնալիքը։ Նրա խոսքով՝ Թեհրանում վարչակարգի փոփոխությունը խնդրի միակ երկարաժամկետ լուծումն է։

«Իրանն աշխատում է միջուկային սպառնալիքը վերականգնելու ուղղությամբ։ Այս գոյաբանական սպառնալիքը վերջնականապես վերացնելու միակ ճանապարհն այաթոլլահների վարչակարգի տապալումն է»,- հայտարարել է նա։

Նեթանյահուն նաև նախազգուշացրել է այն դիվանագիտական ճնշման մասին, որին, իր ակնկալիքով, Իսրայելը շուտով կբախվի։ Նրա հայտարարությունները հնչել են այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են շփումները, իսկ Նեթանյահուն ձգտում է հասնել ռազմական գործողությունները վերսկսելուն, մինչդեռ Թրամփը դիվանագիտությանը ևս մեկ հնարավորություն է տալիս։

Իսրայելի վարչապետն անվտանգության մարտահրավերները կապել է նաև երկրում ստեղծված քաղաքական փակուղու հետ՝ կրկին կոչ անելով ձևավորել ազգային միասնության կառավարություն։

«Այս սպառնալիքներին դիմակայելու համար մենք պետք է այս դահլիճում մեկ բան անենք՝ մի կողմ դնենք բոլոր մյուս նկատառումները և ձևավորենք ազգային միասնության կառավարություն։ Միայն այդպիսի կառավարությունը կկարողանա դիմակայել նման մասշտաբի մարտահրավերներին»,- ասել է նա։

Թրամփը երկուշաբթի հայտարարել էր, որ առայժմ Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսման անհրաժեշտություն չի տեսնում։ Այս հայտարարությունը նա արել է Սպիտակ տանը Կատարի վարչապետ շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման ալ-Թանիի հետ հանդիպումից հետո, որի ընթացքում կողմերը քննարկել են Վաշինգտոնի և Թեհրանի միջև՝ Դոհայի միջնորդությամբ իրականացվող շփումները։

Financial Times-ը հաղորդել էր, որ արաբական երկրների առաջնորդներն ավելի ու ավելի են անհանգստանում, որ Նեթանյահուն ճնշում է գործադրում Թրամփի վրա՝ պատերազմը վերսկսելու նպատակով։ Բանակցություններին ծանոթ դիվանագետի խոսքով՝ Նեթանյահուն ամեն օր զանգահարում է ԱՄՆ նախագահին և հորդորում վերսկսել հարվածները, մինչդեռ Սպիտակ տանը և դրանից դուրս գտնվող մի շարք պաշտոնյաներ փորձում են կանխել նման քայլը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ տարածաշրջանի առաջնորդները Թրամփին հորդորում են չսրել իրավիճակը և առաջնահերթություն տալ բանակցություններին։ Իսրայելում տիրող իրավիճակին ծանոթ մեկ այլ անձ նշել է, որ Նեթանյահուն իսկապես ցանկանում է վերսկսել ռազմական գործողությունները, սակայն ներկայումս Թրամփին համոզելու նպատակով համակարգված «ճնշում» չի իրականացվում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment