Անհասանելի տանիքներ և փողոց դուրս եկած գործարաններ. Իսպանիան կանգնել է աննախադեպ գործադուլի առաջ

Չնայած մոլեգնող «Չարլզ» և «Բրունա» փոթորիկներին, որոնք հորդառատ անձրևներով ու փոթորկալից քամիներով պատել են երկրի 14 շրջանները, Իսպանիայում մեկնարկել է վերջին 14 տարվա ամենամասշտաբային՝ 24-ժամյա համընդհանուր գործադուլը։ Այս բողոքի ալիքը, որը միավորել է երկրի երկու խոշորագույն արհմիություններին՝ UGT-ին և CCOO-ին, վարձակալների ասոցիացիաներին ու միլիոնավոր քաղաքացիների, ուղղված է բնակարանային սուր ճգնաժամի և անհասանելի գների դեմ։

«Մենք չենք կանգնելու այնքան ժամանակ, քանի դեռ հիմնահատակ չենք փոխել այս երկրի բնակարանային քաղաքականությունը, որպեսզի տունը ծառայի որպես ապաստարան և ապրելու վայր, այլ ոչ թե եկամուտ ստանալու գործիք մի փոքրիկ սակավամարդ խմբի ձեռքում»,- հայտարարել է Մադրիդի վարձակալների միության խոսնակ Ալիսիա դել Ռիոն։

Իրավիճակն իրոք կրիտիկական է. Կենտրոնական բանկի պաշտոնական տվյալներով՝ երկրում այս պահին առկա է շուրջ 750,000 բնակարանի դեֆիցիտ, իսկ մինչև 2028 թվականը այդ բացը կարող է գերազանցել մեկ միլիոնը։ Մինչ բնակարան ձեռք բերելը դառնում է անհնարին երազանք, վարձակալության շուկան պայթել է։ Երիտասարդական խորհրդի հաշվարկներով՝ միջին վարձավճարը հասել է 1,176 եվրոյի, ինչը գրեթե հավասար է երկրում երիտասարդ մասնագետի միջին ամսական աշխատավարձի 98.7 տոկոսին։

Չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին և Ազգային օդերևութաբանական գործակալության՝ AEMET-ի խիստ նախազգուշացումներին, գործադուլն արդեն իսկ կաթվածահար է արել տնտեսության առանցքային ճյուղերը։ Արհմիությունների փոխանցմամբ՝ նավահանգիստների և ավտոշինության ոլորտների աշխատակիցների մինչև 90 տոկոսը դուրս է եկել փողոց կամ դադարեցրել աշխատանքը։ Լիովին կանգնել են այնպիսի հսկաների գործարաններ, ինչպիսին են Volkswagen-ը Նավառայում և SEAT-ը Բարսելոնայում։

Բողոքի ակցիային զանգվածաբար միացել են նաև այլ ոլորտների ներկայացուցիչներ․ մասնավորապես, մսամթերքի արդյունաբերությունում մասնակցությունը կազմել է 85 տոկոս, աղբահանության ոլորտում՝ 82 տոկոս, իսկ էներգետիկայում՝ 75 տոկոս։ Ավելի զուսպ են եղել միայն սոցիալական ծառայությունների, առողջապահության և փոստային բաժանմունքների աշխատակիցները, որոնց միանալու ցուցանիշները համապատասխանաբար կազմել են 38 և 35 տոկոս։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment