MediaHub-ն ուսումնասիրել է Կառավարության վաղվա նիստի օրակարգը. նախագծերից մեկում ավտոբուսներով կանոնավոր ուղևորափոխադրումների, տեխնիկական զննության, գազաբալոնային սարքավորումների տեղադրման և գազաբալոնների պարբերական վկայագրման ոլորտներու որոշակի փոփոխություններ են նախատեսվում։
Նշենք, որ հարցը գտնվում է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի վերահսկողության շրջանակում, որի համար Կառավարության կողմից հաստատվել են համապատասխան ստուգաթերթեր։
Այնուամենայնիվ, ռիսկի վրա հիմնված ստուգումների գործող մեթոդաբանությամբ տեսչական մարմինը հնարավորություն ունի պլանային ստուգումներ իրականացնել միայն ավտոբուսներով կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտում, քանի որ մյուս նշված ոլորտների մասով ռիսկայնության չափանիշները և դրանց հաշվարկման մեթոդները սահմանված չեն։
Ռիսկը գնահատող ռիսկայնության չափանիշներն ընտրելիս հաշվի են առնվել տվյալ ոլորտի տնտեսավարողների գործունեության կամ այդ գործունեության առանձին բաղադրիչների ծավալը, հաճախականությունը և ծանրաբեռնվածությունը, ինչպես նաև այդ ոլորտում ստուգումների համար նախատեսված ստուգաթերթերի հարցաշարերը։
Նախագծի ընդունմամբ՝ տեխնիկական զննության, գազաբալոնային սարքավորումների տեղադրման և գազաբալոնների պարբերական վկայագրման ոլորտներում պլանային ստուգումներ իրականացնելու նպատակով կսահմանվեն նշված ոլորտների ռիսկայնության չափանիշները և դրանց հաշվարկման մեթոդները։
Միաժամանակ, քաղաքաշինության ոլորտում կարդիականացվի և կլրացվի «Շինարարական աշխատանքների տեսակ» ռիսկայնության չափանիշը։
Նախագծի ընդունմամբ հնարավորություն կստեղծվի Տեսչական մարմնի կողմից տեխնիկական զննության, գազաբալոնային սարքավորումների տեղադրման և գազաբալոնների պարբերական վկայագրման ոլորտներում ռիսկի վրա հիմնված պլանային ստուգումների իրականացման համար։ Միաժամանակ, քաղաքաշինության ոլորտում կկատարելագործվի քաղաքաշինական օբյեկտների ռիսկայնության գնահատման մեխանիզմը՝ «Շինարարական աշխատանքների տեսակ» չափանիշի արդիականացման և լրացման միջոցով։
Մարիաննա Արամյան