Աշոտյանի գործով դատավորը հորդորեց դատախազին քննիչի վերլուծությունները չներկայացնել որպես հաստատված փաստեր

Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը։

Այսօր նախատեսված էր գործով վկա Արմեն Մինասյանի հարցաքննությունը, սակայն վերջինս դատարան չէր ներկայացել։ Դատարանն արձանագրեց, որ ծանուցումը վերադարձվել է, իսկ վերադարձման պատճառները հայտնի չեն։ Դատարանը որոշեց բացակա վկայի հարցաքննության փոխարեն այսօր հետազոտել գրավոր ապացույցները։

 

Դատավարության կողմերից փաստաբան Հովիկ Սուքիասյանը հայտարարեց, որ պատրաստ չէ այսօր անցնել գրավոր ապացույցների հետազոտմանը՝ հիմնավորելով, որ յուրաքանչյուր ապացույցի վերաբերյալ պետք է դիրքորոշում հայտնի։ Դատարանի հետագա հարցերին ի պատասխան՝ նա հավելեց. «Դատարանը ոնց կորոշի, ես դասերս չեմ սովորել, մյուսները սովորել են, լավ, խնդրեմ, եկեք հետազոտենք»։

Գրավոր ապացույցների հետազոտման վերաբերյալ դատարանի որոշումն անփոփոխ մնաց։ Հետազոտվող գրավոր ապացույցները ծառայությունների մատուցման պայմանագրեր և համագործակցության հուշագրեր էին, որոնք ստորագրվել էին ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանի և այս գործով մյուս մեղադրյալների միջև։

Դատարանն ընդհատեց հանրային մեղադրողի կողմից ապացույցների ներկայացումը՝ նշելով, որ բազմաթիվ են դեպքերը, երբ զննության արձանագրություններում քննիչն իր հետևություններն է ամրագրում։ Դատարանը հորդորեց մեղադրող դատախազին արձանագրել, որ տվյալ հատվածը ոչ թե փաստաթղթավորված փաստ է, այլ զննություն կատարած անձի ենթադրություն, որը գործով հաստատված հանգամանք չէ։ Հետագայում պարզ կդառնա՝ այն կհաստատվի՞, թե՞ ոչ։

Արմեն Աշոտյանի պաշտպաններից Ռուբեն Մելիքյանն էլ հայտարարությամբ հանդես եկավ.

«Բոլորս էլ լավ տիրապետում ենք օրենսգրքին։ Ցանկացած պարագայում մեղադրողն է որոշում՝ որ հատվածը հրապարակի, որը՝ ոչ։ Ոչ մի արգելող բան չկա, որ այդ հատվածը չհրապարակի։ Բայց մենք էինք հրապարակելու այդ հատվածները և դատարանի ուշադրությունը հրավիրելու այն հանգամանքի վրա, որ, ըստ մեզ, ի խախտումն զննության մասին քրեադատավարական օրենսդրության, որը հստակ սահմանում է, որ զննության միակ խնդիրը եղած փաստերի արձանագրումն է, որևէ վերլուծություն, որևէ դատողություն, կարծիք այնտեղ արտահայտվել չի կարող։ Բայց մենք տեսնում ենք, որ քննչական գործողությունը կատարելու փուլում քննիչը հետևություն է անում, որն իրեն կաշկանդում է նաև հետագա վարույթի հետ կապված։ Քննիչն անկողմնակալ չի գործել և պատշաճ չի կատարել իր պարտականությունները»։

Հովիկ Սուքիասյանն էլ ասաց, որ հենց քննիչի այս վերլուծություններն էր հաշվի առել, երբ դատական նիստի սկզբում հայտնել էր, որ պատրաստ չէ այսօր գրավոր ապացույցների հետազոտմանը։

«Հաջորդ զննություններում քննիչի կողմից ավելի խիստ վերլուծություններ կան։ Քննիչը կարծես մեղադրական եզրակացություն կազմած լինի։ Մի քանի փաստաթղթերից քաղվածքներ է արել, վերջում՝ եզրահանգում արել զննությունների մեջ»,- ասաց փաստաբանը։

Դատարանն արձանագրեց, որ հետազոտման ընթացքում, միևնույն է, պարզ է դառնում, թե տվյալ վարութային գործողության արձանագրության մեջ որն է քննիչի դատողությունը, և որը՝ փաստի արձանագրությունը։

Հանրային մեղադրողն էլ արդարացրեց քննիչին՝ նշելով, որ նա կաշկանդված չէ հետևություններ անելու հարցում։

«Եկեք չվիճենք մի բանի համար, որը կարող է ոչ մի նշանակություն չունենալ»,- հանրային մեղադրողին արձագանքեց դատարանը, որից հետո ապացույցների հետազոտությունը շարունակվեց։

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment