Հայաստանի 2027 թվականի համախառն ներքին արդյունքը կանխատեսվում է 13 տրիլիոն 614 միլիարդ դրամ, հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
«Կանխատեսում ենք 13 տրիլիոն 614 միլիարդ դրամ ՀՆԱ։ Սա բարելավում է մեր նախորդ կանխատեսումների համեմատությամբ։ Պետական բյուջեի եկամուտները կկազմեն 3 տրիլիոն 604 միլիարդ դրամ»,- ասել է նախարարը, հայտնում է Արմենպրեսը:
Կառավարության հրապարակած նախագծով պետական բյուջեի ծախսերը նախատեսված են մոտ 4 տրիլիոն 72 միլիարդ դրամի չափով, իսկ պակասուրդը՝ 468․2 միլիարդ դրամ։ Պակասուրդի ֆինանսավորման համար նախատեսվում է ներքին աղբյուրներից ներգրավել մոտ 187․5 միլիարդ, արտաքին աղբյուրներից՝ մոտ 280․7 միլիարդ դրամ։
Անդրադառնալով կապիտալ ծախսերին՝ Հովհաննիսյանը նշել է, որ նախագիծը հնարավորություն է տալիս պահպանել պետական ներդրումների բարձր մակարդակը։
«Մենք ունենք 57 միլիարդ դրամի ավելի կապիտալ ծախս անելու հնարավորություն հաջորդ տարի»,- ասել է նախարարը։
Հովհաննիսյանի խոսքով՝ կապիտալ ծախսերի մոտ 44 տոկոսը նախատեսվում է ուղղել պաշտպանության ոլորտին։ Նա առանձնացրել է նաև առողջապահության և սոցիալական ոլորտների հատկացումների աճը։
Նախագծով հարկային եկամուտներն ու պետական տուրքերը կկազմեն մոտ 3 տրիլիոն 463 միլիարդ դրամ, պաշտոնական դրամաշնորհները՝ 14․2 միլիարդ, այլ եկամուտները՝ 126․9 միլիարդ դրամ։
Նրա խոսքով՝ միաժամանակ նախատեսվում է նվազեցնել բյուջեի պակասուրդը։
2027 թվականի պետական բյուջեի նախագիծն ընդգրկված է Ազգային ժողովի՝ նոյեմբերի 17-ին գումարվող հերթական նիստերի օրակարգում։