ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիում ավարտվել է հակամարտության կարգավորմանն ուղղված Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև եռակողմ բանակցությունների երկրորդ օրը։ Հանդիպումը տևել է երկու ժամից պակաս։
Բանակցություններն անցկացվել են դռնփակ ձևաչափով, մամուլի ներկայացուցիչներին քննարկումներին չեն թույլատրել մասնակցել։ Ռուսական պատվիրակությունը գլխավորում է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, ուկրաինական պատվիրակությունը՝ Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ռուստեմ Ումերովը։ ԱՄՆ-ն ներկայացնում են նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները։
Բանակցությունների ավարտից հետո ռուսական կողմը նախատեսում էր հանդես գալ մամուլի համար հայտարարությամբ։
Նոյեմբերի 11-ին Politico պարբերականը հայտնել էր, որ բանակցությունների երկրորդ օրվա առանցքային թեմաներից մեկը կարող է լինել տարածքային հարցը։ Պարբերականի աղբյուրների տեղեկություններով՝ ավելի վաղ մասնակիցները քննարկել էին Ուկրաինայի անվտանգության երաշխիքների և ռազմագերիների փոխանակման հարցերը։
Հանդիպման առաջին օրն ավարտվել էր նոյեմբերի 10-ին՝ 4,5 ժամ տևած աշխատանքից հետո։ ТАСС-ի տեղեկություններով՝ ռուսական և ուկրաինական պատվիրակությունները շփվել են ռուսերենով։