Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը նախապատրաստվում է իրականացնել վերջին 20 տարվա ընթացքում ամենանշանակալի ռազմական վերափոխումը՝ հիմնական ուշադրությունը կենտրոնացնելով Ռուսաստանի դեմ հնարավոր լայնամասշտաբ հակամարտությանը պատրաստ լինելու վրա։
Ըստ Politico-ի՝ ՆԱՏՕ-ն մտադիր է հրաժարվել ռեսուրսների բաշխման նախկին մոդելից՝ փոխարենը կենտրոնացնելով իր ռազմական հզորությունը եվրոպական թատերաբեմում առկա սպառնալիքներին դիմակայելու համար։
Դաշինքի 32 անդամ պետությունները վերանայում են ռազմական պլանավորման հիմնարար կանոնները։ Դաշնակիցներին կոչ է արվում դադարեցնել ուժերի ցրված տեղաբաշխումը Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում ծագող տեղային ճգնաժամերի լուծման համար և փոխարենը կենտրոնանալ Եվրոպայում հնարավոր պատերազմի վրա։
ՆԱՏՕ-ն նախատեսում է հրաժարվել 18 պահեստազորային բրիգադ (ընդհանուր առմամբ՝ մոտ 90 000 զինծառայող) պահպանելու պահանջից, որը նախատեսված է եղել արտերկրում ծագող ճգնաժամերին արձագանքելու համար։ Այս փոփոխության արդյունքում ազատված ռեսուրսները կուղղվեն դեպի եվրոպական ռազմական թատերաբեմ։
Դաշինքի յուրաքանչյուր անդամ պետության համար սահմանվում են կոնկրետ պահանջներ՝ կապված զորքերի, մարտական ինքնաթիռների, հակաօդային պաշտպանության համակարգերի և հեռահար հրթիռների այն քանակի հետ, որոնք նրանք պետք է տրամադրեն Մոսկվային հակազդելու համար։ Այս կերպ ՆԱՏՕ-ն նպատակ ունի նախապես բաշխել դաշինքի բոլոր անդամների ռազմական կարողությունները՝ ուղղելով դրանք մեկ միասնական սցենարի իրականացմանը։
Վաշինգտոնը մտադիր է ծախսերի զգալի մասը բարդել իր եվրոպական դաշնակիցների վրա։ Ըստ Politico-ի՝ ԱՄՆ-ը նախատեսում է մոտ մեկ երրորդով կրճատել իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում։ Եվրոպան ստիպված կլինի ինքնուրույն լրացնել առաջացած բացերը, ընդլայնել սպառազինությունները և ավելացնել պաշտպանական ծախսերը։ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմական բյուջեների համար նպատակային ցուցանիշը կարող է հասնել նույնիսկ ՀՆԱ-ի 5%-ին։
Դաշինքն, ըստ էության, փոխում է իր առաջնահերթությունները. միաժամանակ մի քանի տարածաշրջանային ճգնաժամերին արձագանքելու պատրաստականությունը պահպանելու փոխարեն՝ ՆԱՏՕ-ն կենտրոնանում է մեկ հիմնական թատերաբեմի՝ Եվրոպայի վրա։ Ռազմական վերլուծաբանները կարծում են, որ ռեսուրսների այս վերաբաշխումից հետո ՆԱՏՕ-ի ռազմական հզորության ողջ ծանրությունը կարող է կենտրոնանալ Ռուսաստանի սահմանների երկայնքով։