«Որ ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ չէր, մարդիկ փող չէին փոխանցո՞ւմ, արտերկիր աշխատանքի չէին մեկնո՞ւմ»․ Վահե Հովհաննիսյանը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հավանականության մասին հարցի մասին

«Ի՞նչ բացասական արդյունք կարող է ունենալ, եթե ԵԱՏՄ անդամակցությունը կասեցվի։ Կանխատեսվում է 1 միլիարդ 800 միլիոն դոլարի դրամական փոխանցումների կրճատում։ Դրանով այժմ սոցիալական խնդիր է լուծվում․ մարդիկ իրենց հարազատներին փոխանցում են գումարներ, որոնցով նրանք ապրում են, այս սոցիալական էֆեկտը տնտեսության վրա ի՞նչ բացասական ազդեցություն կունենա»,-ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին հարցրեց ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանը։

Այնուհետև հետաքրքրվեց՝ բիզնեսի կապարակնքումը բացասաբար չի՞ազդում ՀՀ տնտեսական զարգացման վրա։ Վահե Հովհաննիսյանը պատասխանեց․ «Բիզնեսի կապարակնքման հետ կապված հարցերից տեղյակ չեմ։ Ազդեցությունը կարող է թե′ բացասական լինել, թե′ դրական։ Եթե հարկեր չեն վճարում, խախտում են օրենսդրությունը և դրանով խաթարում են մրցակցային միջավայրը, և դրա համար ՊԵԿ-ը կապարակնքել է, ապա կարծում եմ՝ դա դրական է, բայց եթե անհիմն բռնաճնշումներ են իրականացվում բիզնեսի նկատմամբ, ինչը տեղի չի ունենում, ապա դա կարող է բացասաբար ազդել»։

Անդրադառնալով ԵԱՏՄ-ի անդամակցության հնարավոր դադարեցման հետևանքների մասին հարցին՝ Վահե Հովհաննիսյանը պատասխանեց․ «Ենթադրենք՝ ինչ-որ տեսական սցենարում ԵԱՏՄ անդամակցությունը չլինի, ապա դրամական փոխանցումները կդադարե՞ն կամ մարդիկ, որոնք գնում են ԵԱՏՄ տարածքում աշխատելու, փող չեն փոխանցի՞։ Կարծում եմ՝ այդ հարցին պատասխանելու համար պետք է ընդունենք՝ իսկ որ ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ չէր, մարդիկ չէին գնո՞ւմ արտերկիր աշխատելու, փոխանցումներ չէին անո՞ւմ։ Ավելի շատ էին գնում աշխատելու։ Ի՞նչ կապ ունի ԵԱՏՄ անդամակցությունն, ասենք՝ ՀՀ փող փոխանցելու հետ։ Կամ ՌԴ-ից ենթադրենք ՀՀ փող են փոխանցում, ուրիշ տեղ փող չե՞ն փոխանցում։ Կապել ՀՀ բոլոր զարգացումները, այն, ինչ տեղի է ունենում ՀՀ-ում, ԵԱՏՄ անդամակցության հետ, այդքան էլ ճիշտ չէ։ Պետք է հասկանանք՝ ՀՀ-ն ի՞նչ օգուտ է ստանում, մեր զարգացումների ո՞ր մասն է կապված ԵԱՏՄ անդամակցության հետ։ Համաձայն չենք այդ հաշվետվության մեջ գրված եզրակացությունների հետ, որ մեր բոլոր հաջողություններն այս կյանքում պայմանավորված են միայն ԵԱՏՄ անդամակցության հետ»։

ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment