ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը վերջերս Վաշինգտոնում գտնվող իր նստավայրից տեղափոխվել է ամերիկյան ռազմաբազա՝ իր կյանքի դեմ Իրանի հնչեցրած սպառնալիքներից հետո։ Այս մասին Reuters-ին հայտնել են իրավիճակին ծանոթ երկու անձինք։
Տեղափոխության մասին առաջինը հաղորդել է The New York Times-ը։ Թրամփի վարչակազմի հետախուզության բարձրաստիճան պաշտոնյան անցյալ ամսվա վերջին նախազգուշացրել էր, որ ԱՄՆ պաշտոնյաների և քաղաքացիների դեմ Իրանի ծրագրած գործողությունները հասել են առաջադեմ փուլին։
Օգոստոսից ի վեր Բեսենթը գլխավորում է Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների և տնտեսական ճնշման արշավը, որը կոչվում է «Տնտեսական մեկուսացում» գործողություն (Operation Economic Outcast)։ Դրա նպատակն է՝ ստիպել Թեհրանին դադարեցնել նավերի վրա հարձակումները և վերաբացել Հորմուզի նեղուցը։ Այդ կարևոր ծովային ուղին փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի՝ Իրանի վրա հարձակումից հետո հիմնականում փակ է։
Տնտեսական ճնշման արշավը, որն իրականացվում է իրանական նավահանգիստների նկատմամբ ԱՄՆ ռազմածովային շրջափակմանը զուգահեռ, ներառել է Մերձավոր Արևելքում գործող բանկերի մասնաճյուղերի և այլ ֆինանսական ընկերությունների նկատմամբ պատժամիջոցների սահմանում, որոնք Իրանի հետ գործարքներ են իրականացնում։
«Նախարարը չի նահանջի իրանական վարչակարգի սպառնալիքների առաջ և կշարունակի իրականացնել «Տնտեսական մեկուսացում» գործողությունն ու պահպանել շրջափակումը, որոնք միասին փլուզում են Իրանի տնտեսությունը»,- ասվում է ԱՄՆ Ֆինանսների նախարարության խոսնակի հայտարարությունում։
The New York Times-ը գրել է, որ Բեսենթի հասցեին հնչած սպառնալիքների լրջության աստիճանն անմիջապես պարզ չէ։
Իրազեկ աղբյուրներից մեկը հայտնել է, որ Բեսենթի անվտանգության հետ կապված մտահոգություններն աճել են այն բանից հետո, երբ The Wall Street Journal-ը հրապարակել է Ջորջթաունում գտնվող նրա առանձնատան օդային լուսանկարը։ Բեսենթն այդ առանձնատունը, որի արժեքը 12,5 միլիոն դոլար է, գնել էր 2025 թվականի հունվարին՝ ֆինանսների նախարարի պաշտոնում իր թեկնածության հաստատումից կարճ ժամանակ անց։ Աղբյուրի խոսքով՝ լուսանկարը հնարավորություն է տվել ճշգրիտ որոշել Բեսենթի բնակության վայրը, ինչից հետո նրա անվտանգությունն ապահովելու նպատակով նրան տեղափոխել են ռազմական բազա։
«Լրատվամիջոցները պարտավոր են պատասխանատվությամբ գործել՝ հաշվի առնելով պետական պաշտոնյաների նկատմամբ աճող սպառնալիքները»,- հավելել է աղբյուրը։
Իրանը նախկինում հերքել էր ԱՄՆ տարածքում պաշտոնյաների և այլ անձանց վրա հարձակումներ ծրագրելու մեղադրանքները։
The New York Times-ի հաղորդմամբ՝ ամերիկացի պաշտոնյաները նշել են, որ Իրանի՝ ԱՄՆ-ում և արտերկրի այլ տարածքներում լայնածավալ հարձակումներ իրականացնելու հնարավորությունները սահմանափակ են։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի