Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազգային ժողովի հանձնաժողովի նիստում ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանի և Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի միջև քննարկում ծավալվեց Հայաստանի տնտեսության կառուցվածքային ռիսկերի, ԵՏՄ-ի հետ հարաբերությունների և բիզնես միջավայրի խնդիրների մասով։

Պատգամավորն անդրադարձավ վերջին ամիսներին Քննչական կոմիտեի և ՊԵԿ-ի կողմից մի շարք բիզնեսների կապարակնքման և փակման դեպքերին՝ ընդգծելով, որ հստակ ժամկետներ և պատճառներ չեն նշվում, ինչն ուղղակիորեն վնասում է ներդրումային միջավայրին, աշխատատեղերին և հարկային մուտքերին։ Ի պատասխան՝ նախարարը նշեց, որ տեղյակ չէ կոնկրետ գործերից, սակայն շեշտեց. «Եթե կան բիզնեսներ, որոնք հարկեր չեն վճարում, խախտում են օրենսդրությունը և խաթարում մրցակցային միջավայրը, ապա ՊԵԿ-ի գործողությունները կարելի է գնահատել դրական: Եթե չկան անհիմն բռնաճնշումներ, որոնք, կարծում եմ, տեղի չեն ունենում, ապա դա նպաստում է առողջ մրցակցությանը»,- նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այս հարցին ավելի հանգամանալից կարող է պատասխանել Էկոնոմիկայի նախարարը։

Երկրորդ հարցը վերաբերում էր Հայաստանի՝ ԵՏՄ-ից հնարավոր դուրս գալու կամ անդամակցության կասեցման հետևանքներին։ Պատգամավորի խոսքով՝ կանխատեսվող շուրջ 1.8 միլիարդ դոլարի դրամական փոխանցումների կրճատումը կարող է առաջացնել սոցիալական լուրջ ճգնաժամ, քանի որ բազմաթիվ ընտանիքներ ապրում են արտագնա աշխատանքի մեկնածների ուղարկած գումարներով։ Բացի այդ, նա չբացառեց ԵՏՄ-ի կողմից պատժամիջոցների կիրառումը։ Վահե Հովհաննիսյանը հորդորեց զերծ մնալ տնտեսության բոլոր զարգացումներն ուղղակիորեն ԵՏՄ անդամակցության հետ կապելուց։

«Մինչև ԵՏՄ անդամ դառնալն էլ մարդիկ Հայաստանից գնում էին աշխատելու և ավելի շատ փող էին փոխանցում։ Պետք է կարողանալ վերլուծել և հասկանալ՝ մեր զարգացման կոնկրետ ո՞ր մասն է կապված ԵՏՄ-ի հետ»,- նշեց նա։

Անդրադառնալով հնարավոր սանկցիաներին՝ Ֆինանսների նախարարն ընդգծեց, որ դրանք կդիտարկվեն որպես թշնամական քայլեր, և որևէ հիմք չկա ենթադրելու, որ գործընկեր երկրների հետ պետք է թշնամական հարաբերություններ ձևավորվեն։

Երրորդ հարցադրումը վերաբերում էր տնտեսական աճի կառուցվածքին, որը հիմնականում ապահովվում է ֆինանսական և շինարարության ոլորտների հաշվին:

Պատգամավորը հիշեցրեց, որ ԱՄՀ առաքելությունը շինարարության ոլորտը նշել է որպես տնտեսության գլխավոր ռիսկերից մեկը: Վահե Հովհաննիսյանը հաստատեց, որ ԱՄՀ գործընկերների հետ պարբերաբար քննարկում են այդ մտահոգությունները։

«Քանի դեռ Հայաստանը հետաքրքիր է ներդրումների համար, և օտարերկրացիներն ու սփյուռքահայերը միջոցներ են բերում և անշարժ գույք գնում, այս գործընթացը կշարունակվի։ Մենք հույս ունենք, որ այն երկար կտևի»,- ասաց նա:

Միևնույն ժամանակ նախարարը վստահեցրեց, որ Կենտրոնական բանկն իրականացնում է կանխարգելիչ և մակրոպրուդենցիալ միջոցառումներ, որպեսզի ոլորտի հնարավոր դանդաղման կամ ցնցումների դեպքում բացասական ազդեցությունը տնտեսության վրա մեղմվի և ֆինանսական համակարգում խնդիրներ չառաջանան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան

Leave a comment