«Մենք այստեղ ենք բարձրաձայնելու, որ այսօր Հայաստանում մարդու իրավունքների և ժողովրդավարության ճգնաժամ է». Մարիաննա Ղահրամանյան

«Այսօր մենք փոքր խմբով այստեղ ենք, որպեսզի մեր հստակ ուղերձը, պահանջը և կոչը հղենք Հայաստանում Եվրամիության պատվիրակությանը՝ ի դեմս պարոն դեսպանի, որպես ժողովրդավարության և մարդու իրավունքների ջատագով կառույցի, և ի դեմս նրանց՝ ողջ միջազգային հանրությանը, այն կառույցներին, որոնք տարիներ շարունակ զբաղվել են ու զբաղվում են մարդու իրավունքների խնդիրներով:

Մենք այստեղ ենք բարձրաձայնելու, որ այսօր Հայաստանում մարդու իրավունքների և ժողովրդավարության ճգնաժամ է: Այսօր քրեական հետապնդումները ուղղակի կանգ չեն առնում, և իրավիճակը հասել է նրան, որ արձանագրվում է քաղաքական հետապնդումների հետևանքով սարսափելի մահվան դեպք: Իմ գործընկերը՝ պարոն Հարություն Հարությունյանը, որը Ազգային ժողովի Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ուղիղ կապի մեջ է պարոն դեսպանի հետ, առավել մանրամասն կներկայացնի իր հաղորդակցության արդյունքը: Մենք փոխանցելու ենք նաև խմբակցության անունից նամակ և դիմում, որտեղ շեշտվում է օբյեկտիվ և իրավիճակին համարժեք գնահատականը:

Մենք կարծում ենք, որ այդ կառույցներն այլևս չեն կարող լռել, որովհետև այն, ինչ տեղի է ունենում այսօր Հայաստանում, բռնապետական ռեժիմի դրսևորման ուղղակի ակնառու երևույթ է: Եվ ես ուզում եմ մի քանի կարևոր հանգամանք շեշտել: Քիչ առաջ հրապարակվել է Արսեն Գևորգյանի փաստաբանական խմբի հայտարարությունը, որտեղ հստակ նշված է, որ նա ունեցել է առողջության վատացում: Հստակ նշված է, որ ահազանգից հետո նրան մոտեցել է ոչ թե քրեակատարողական հիմնարկի բժիշկը, այլ բուժակը, որը համապատասխան մասնագիտական հմտություններ չի ունեցել, և քրեակատարողական հիմնարկ է մուտք գործել, երբ արձանագրվել է Արսեն Գևորգյանի մահը: Եթե ամեն բան իրականացվեր պատշաճ կարգով, համապատասխան ծառայությունները գործեին, մենք այսօր չէինք ունենա այս ողբերգական մահը: Էլ չեմ ասում նրա մասին, որ այսօր Հայաստանում կալանքը ուղղակի դարձել է պատժիչ գործիք՝ այլախոհներին, քաղաքական հակառակորդներին ու քննադատներին հետապնդելու ռեպրեսիվ գործիք: Արսեն Գևորգյանը պիտի լիներ ազատության մեջ՝ անկախ այս շինծու գործից, որը նրա դեմ հարուցվել էր, որովհետև ընտրություններից չորս օր առաջ, դուք գիտեք, թե ինչ տեղի ունեցավ. նա մեկուսացվեց քաղաքական հրահանգով ընտրապայքարից, և բանտային կալանքի 21-րդ օրը նա այլևս ողջ չէ:

Հայաստանում տեղի ունեցած այս խայտառակ միջադեպի ուղիղ պատասխանատուն քաղաքական իշխանությունն է: Պատասխանատուն ու մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, իրենց սպասարկող կառույցներն են՝ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն է, որը բառացիորեն օրեր առաջ, ես չեմ խուսափի այդ բառն օգտագործելուց, ցինիկորեն էր արձագանքում իմ գործընկերոջ հարցադրմանը, որը վերաբերում էր հենց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահման պայմաններին… Ուզում եմ շեշտել նաև Աննա Վարդապետյանի գործոնը. սրանք այն մարմիններն են, որոնք հլու-հնազանդ կատարում են քաղաքական իշխանության պատվերները, բայց եթե նրանք լինեին անկախ, մենք չէինք ունենա այս իրավիճակը: Նաև դատավորը՝ կալանք տված դատավորը՝ Արմեն Գրիգորյանը… Այս պահին մենք մտավախություն ունենք բանտերում գտնվող մեր մյուս հայրենակիցների առողջության և անվտանգության համար, և սա, այո՛, պիտի լինի այն ահազանգը, այն ազդակը, որը պիտի սթափեցնի բոլորիս»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը:

Ցույցն ամբողջությամբ

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment