Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել

Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի իշխանություններն անվտանգության լայնածավալ միջոցառումներ են ձեռնարկել՝ ԱԹՍ-ների սպառնալիքի պատճառով։ Նոյեմբերի լույս 11-ի գիշերն այս երկրների մի շարք շրջանների բնակիչներին խորհուրդ է տրվել պատսպարվել անվտանգ վայրերում՝ Ռուսաստանի կամ Բելառուսի կողմից օդային տարածք ներխուժած անհայտ անօդաչու թռչող սարքերի պատճառով։ Ի պատասխան՝ օդ են բարձրացվել ՆԱՏՕ-ի կործանիչները, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Լիտվայի Ճգնաժամային իրավիճակների կառավարման ազգային կենտրոնը (NKVC) երկրի տարածքի զգալի մասում օդային սպառնալիքի մասին նախազգուշացում է հայտարարել, հայտնում է Reuters-ը։ Նախազգուշացումը, մասնավորապես, վերաբերել է Կաունասին, որի բնակչությունը շուրջ 300 հազար է։ Delfi-ն գրում է, որ անօդաչու թռչող սարքն ու կործանիչները նկատվել են Կաունասում։ Ավելի ուշ NKVC-ն հայտնել է, որ անօդաչու թռչող սարքը լքել է Լիտվայի օդային տարածքը, և դրան շարունակել են հետևել Լատվիայի տարածքում։

Լատվիայի մի շարք շրջաններում անօդաչու թռչող սարքերի սպառնալիքի պատճառով տարբեր մակարդակի նախազգուշացումներ են հայտարարվել, նախ՝ երկրի արևելքում, այնուհետև հարավում, իսկ դրանից հետո՝ հյուսիսում։ Լատվիայի Ազգային զինված ուժերը տարբեր ժամերի օդային տագնապ են հայտարարել Լուձայի, Կրասլավայի, Աուգշդաուգավայի, Բալվիի, Այզկրաուկլեի, Եկաբպիլսի, Մադոնայի, Ցեսիսի, Սմիլտենեի և Գուլբենեի շրջաններում։

Բնակիչներին հորդորել են պատսպարվել շինությունների ներսում, պահպանել «երկու պատի» կանոնը և հետևել պաշտոնական հաղորդագրություններին։ Ավելի ուշ հայտարարվել է, որ Լատվիայի տարածքում սպառնալիքն անցել է։

Թռչող սարքի հետագծմանը շարունակել են հետևել Էստոնիայի տարածքում։ Սկզբում օդային տարածքում հնարավոր սպառնալիքի մասին նախազգուշացում է հայտարարվել երկրի հարավում՝ Տարտուի, Յոգևայի, Վիլյանդիի, Վալգայի, Վիրուի և Պյոլվայի շրջաններում։ Մեկ ժամից էլ քիչ անց նմանատիպ նախազգուշացում է հայտարարվել նաև Էստոնիայի հյուսիսի երկու շրջաններում՝ Լյաենե-Վիրումաայում և Իդա-Վիրումաայում։

Ավելի ուշ իշխանությունները հայտարարել են, որ սպառնալիքն անցել է։ Անօդաչու թռչող սարքի հնարավոր ոչնչացման մասին տեղեկություններ չեն ստացվել։

Իրենց հերթին, Ֆինլանդիայի զինված ուժերը X սոցիալական ցանցում հայտնել են, որ Ֆիննական ծոցի արևելյան հատվածում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել օդային տարածքի օգտագործման և նավագնացության համար։

«Սա նախազգուշական միջոց է, որի նպատակն է ապահովել քաղաքացիական բնակչության անվտանգությունը և թույլ տալ իշխանություններին միջոցներ ձեռնարկել հնարավոր անօդաչու թռչող սարքերի դեմ»,-ասվում է հայտարարության մեջ։ Սահմանափակումների պատճառը Լենինգրադի մարզի օբյեկտների ուղղությամբ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածներն են եղել։

Վերջին ամիսներին ուկրաինական անօդաչու թռչող սարքերը, որոնցով Ուկրաինայի զինված ուժերը հարվածներ են հասցնում Ռուսաստանին, բազմիցս ներխուժել են Ֆինլանդիայի, Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի օդային տարածք։ Ռուսաստանը շարունակում է հարևան երկրի դեմ լայնածավալ ներխուժումը։ ՆԱՏՕ-ի երկրներն այս միջադեպերի պատասխանատվությունը դնում են Ռուսաստանի վրա։ Կիևի տվյալներով՝ Ռուսաստանը միտումնավոր ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով ներգործում է այդ անօդաչու թռչող սարքերի վրա՝ փոխելով դրանց ուղղությունը և դրանք ուղղորդելով դեպի Բալթյան երկրներ ու Ֆինլանդիա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment