Արդեն մի քանի օր է՝ համացանցի քննարկումների կենտրոնում է Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանը։
Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում, ըստ հրապարակումների, վերջինս ենթադրաբար թմրամիջոց է օգտագործում։
Դպրոցի տնօրենի խոսքով՝ տեսանյութը նկարահանվել է շուրջ 8-9 տարի առաջ՝ ամուսնության ընթացքում, և տարածվել է նախկին ամուսնու կողմից։
Մինչ հանրային քննարկումներում հնչում էին տնօրենին պաշտոնից հեռացնելու պահանջներ, Աջափնյակ վարչական շրջանում, վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանի մասնակցությամբ, ծնողական ժողով է հրավիրվել։ Հանդիպմանը մասնակցել են դպրոցի աշակերտների ծնողներն ու ծնողական կոմիտեների ներկայացուցիչները։
Ծնողների մեծ մասը պաշտպանել է տնօրենին՝ նշելով, որ գոհ է նրա աշխատանքից, երեխաների հետ շփումից և խնդիրները լուծելու կարողությունից։ Նրանք խնդրել են աշխատանքից չազատել Իրինա Մկրտչյանին՝ հայտարարելով, որ նման որոշման դեպքում պատրաստ են բողոքի ակցիաներ իրականացնել։
Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի փոխանցմամբ՝ ծնողների դիրքորոշումը հաշվի է առնվել, և Իրինա Մկրտչյանը շարունակելու է պաշտոնավարել։
Արդյո՞ք ծնողների գոհունակությունը տնօրենի մասնագիտական աշխատանքից բավարար հիմք է՝ անտեսելու ուսումնական հաստատության ղեկավարի վարքագծի շուրջ առաջացած հանրային մտահոգությունները։
Հանրային գործիչ, նախկին հոգևորական Նիկողոս Հովհաննիսյանը MediaHub-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ տնօրենին պաշտպանող ծնողները լավ կանեին նույն պատրաստակամությամբ պաշտպանեին նաև քաղաքական հայացքների համար հետապնդումների ենթարկվող կանանց։ «Սիրելի կանայք, ձեր կանացի սոլիդարությունը ցույց տվեք նաև Արեգնազ Մանուկյանին, ով քաղբանտարկյալ է, Լիդիա Մանթաշյանին, ով քաղբանտարկյալ է, Տաթև Վիրաբյանին, ով քաղաքական դեպքերով նստել է, զոհված տղերքի ծնողներին, որ քարշ էին տալիս Եռաբլուրում։ Էս ի՞նչ երկակի ստանդարտներ են»,- ասաց Հովհաննիսյանը։
Ծնողների կարծիքով՝ տեսանյութի հրապարակումը տնօրենի և նրա նախկին ամուսնու անձնական խնդիրների հետևանք է, և դա չպետք է ազդի նրա պաշտոնավարման վրա։
Մինչդեռ Նիկողոս Հովհաննիսյանը մտահոգիչ է համարում այն հանգամանքը, որ ծնողները խնդրահարույց չեն համարում տեսանյութում պատկերված ենթադրյալ վարքագիծը։ Նրա համոզմամբ՝ նման վերաբերմունքը կարող է անչափահասների շրջանում թմրամիջոցների օգտագործման նկատմամբ հանդուրժողականություն ձևավորել։ «Ցավալի է, որ մեր իրականության մեջ այս վիճակն ընդունելի է։ Ես այդ ծնողների վրա եմ զարմանում, որ խնդիր չեն տեսնում, որովհետև իրենց անչափահաս երեխաները, վստահ եմ՝ բոլորը, տեսել են այդ տեսանյութը, ու երևույթն իրենց ընկալումներում արդեն նորմալիզացվում է։ Ու եթե իրենց երեխաները վաղը դառնան թմրամոլ, իրենք իրենց գլխներին են տալու՝ չգիտակցելով, որ առաջին քայլն արել են հենց իրենք։ Այսօր նարկոմաններն ու մարդասպանները շրջում են քաղաքում, բայց ընդդիմադիր քաղաքական գործիչները մեռնում են բանտերում»,- ասաց Նիկողոս Հովհաննիսյանը։