Առաջինն, ինչ ուշադրությունս գրավեց Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդի «Չորսու» շուկայում, ասեղնագործ իրերի բազմազանությունն էր՝ գունագեղ չապանները, բարձի երեսներն ու մեծ ծածկոցները, որոնք վաճառող կանայք կամ տղամարդիկ ևս ասեղնագործ որևէ դետալ ունեին իրենց հագուստի, գլխարկի կամ պայուսակի վրա։
Պատկերավոր ասած՝ Ուզբեկստանն ինձ դիմավորեց որպես մի երկիր, որով անցնող Մետաքսի ճանապարհը մետաքսից հյուսված անսպառ հեքիաթներ էր թողել՝ դրանք անվերջ թելելու համար։ Այդ թելերից մեկն էլ ինձ տարավ Տաշքենդի «Սուզուկ Օտա» թաղամաս, որտեղ իր գործունեությունն է ծավալում Մադինա Կասիմբաևայի՝ ուզբեկական ասեղնագործության լավագույն վարպետներից ու պահապաններից մեկի կենտրոնը՝ «Suzani by Kasimbaeva» ապրանքանիշի ներքո։
Այս համալիրը, որը կառուցվել է պետական աջակցությամբ՝ Ուզբեկստանի նախագահի կողմից տրամադրված հողատարածքի վրա, ուզբեկական ասեղնագործության մասին պատմելուց առաջ խոսում է անսահման սիրո, երազանքին հասնելու անվարան ցանկության և ընտանեկան այն ջերմության մասին, որի շնորհիվ էլ մարդը թևեր է առնում։ Այս մտքին հանգեցի՝ զրուցելով Մադինա Կասիմբաևայի եղբոր՝ Հասանի հետ․ հենց նա էլ կազմակերպեց իմ շրջայցը կենտրոնում՝ ներկայացնելով համալիրի տարածքում գտնվող արհեստանոցը, ուսումնական կենտրոնը, պատկերասրահն ու վաճառասրահը։
Դա ինձ համար անմոռանալի մի ճամփորդություն էր՝ թթենու տերևներով սնվող շերամորդի բոժոժից մինչ մետաքսաթել, մետաքսաթելից էլ մինչ Տաշքենդի ամենամեծ սուզանի, իսկ թե քանի կութ է արել ուզբեկ կինն իր ադրասի (մետաքսից ու բամբակից կազմված կտոր՝ Մ․Ա․) վրա իմ այդ փոքրիկ ճամփորդությունը հնարավոր դարձնելու համար, կարելի է միայն ենթադրել, որ մոտավորապես երկնքի աստղերի չափ, մանավանդ որ աստղերը, տիեզերական մարմիններն առհասարակ այստեղ ամենուր են, և դա պատահական չէ․ երկնային մարմինները Տաշքենդի ասեղնագործության դպրոցի՝ «պալակի» հիմնական մոտիվներն են, որոնք կապվում են Կենտրոնական Ասիայի դեռևս հին աշխարհայացքային պատկերացումների, նախաիսլամական մշակութային շերտերի հետ։
Ասեղնագործությունը Կենտրոնական Ասիայի երկրներում մարդկանց վաղեմի զբաղմունքներից է եղել, այստեղ ընդունված է խոշոր դեկորատիվ պաննոների պատրաստումը, որոնք հայտնի են «սուզանի» անվամբ։ Բառը ծագում է պարսկերեն «սուզան»՝ ասեղ բառից, և թեև նախկինում ասեղնագործության միայն մեկ տեսակին էր վերաբերվում, այժմ այն ընդհանրական իմաստով է գործածվում՝ անվանելով ասեղնագործ պաննոները։
Հնուց ի վեր սուզանիները կարևոր տեղ են զբաղեցել ուզբեկ ընտանիքների կյանքում։ Դրանցով զարդարում էին տան պատերը, բաժանում ներքին տարածքները։ Սուզանիների նախշերը հորինում և գծագրում էին հմուտ վարպետները, ասեղնագործում էին հիմնականում կանայք՝ հաճախ աղջիկ երեխայի մանկությունից սկսած, որպեսզի մինչև ամուսնությունը պատրաստ լիներ նրա օժիտի կարևոր մասը։
Մադինա Կասիմբաևան էլ այն երեխաներից էր, որն աչքերը բացել ու տանն իր ասեղնագործող տատիկին է տեսել, իսկ այսօր արդեն նրա ձեռագործ աշխատանքները ներկայացված են Բրիտանական թանգարանի մշտական ցուցադրությունում, նա հայտնի անուն է արվեստի և նորաձևության աշխարհում։
«Կանայք ձեր երկրում հիմա՞ էլ են սիրում ասեղնագործել»,- հարցնում եմ Մադինայի եղբորը՝ ընթացքում փորձելով արհեստանոցում աշխատող կանանց շարժումներից տեխնիկական մեկ-երկու գաղտնիք թռցնել։
«Այո, իհարկե, մենք այսօր բազմաթիվ աշխատակիցներ ունենք, որոնցից շատերը տնային տնտեսուհիներ են կամ աշխատող կանայք, որոնք գործից հետո գալիս, նմուշը վերցնում ու տանն ասեղնագործում են, իմ կինն ու հարսն էլ են ասեղնագործում։ Մեր ընտանիքը լայնորեն ներգրավված է այս գործում։ Այս տարիների ընթացքում Մադինան մոտ 1000 սաների սովորեցրել է սուզանիի արվեստը, և այսօր նրանցից շատերը զբաղվում են այս գործով»։
Մադինա Կասիմբաևան ոչ միայն նոր շունչ է հաղորդել ուզբեկական, մասնավորապես Տաշքենդի ասեղնագործության դպրոցի ավանդույթներին՝ մեծ ներդրում ունենալով դրանց արդիականացման ու հանրահռչակման առումով, այլև մայրաքաղաքում սոցիալական նշանակալի ազդեցություն է գործել իր կենտրոնի ստեղծմամբ՝ ապահովելով բազմաթիվ կանանց ստեղծագործելու ու ապրուստի միջոց վաստակելու հնարավորությամբ։ Այս ամենի շնորհիվ Կասիմբաևայի կենտրոնը դարձել է Տաշքենդի Հին քաղաք համարվող թաղամասի այցեքարտերից մեկը, ուր այցելում են հարյուրավոր զբոսաշրջիկներ ամբողջ աշխարհից, արվեստի ու ձեռագործի սիրահարներ, հայտնի մարդիկ։
«Ես ձեզ վերջում մի բան ցույց կտամ, որը խորհրդանշում է հայ-ուզբեկական ընկերությունը»,- մեր հանդիպման սկզբում խոստացավ Մադինայի եղբայրը, սակայն մինչ այդ մեզ սպասում էր շրջայցն ասեղնագործության սիրահարների համար դրախտ հիշեցնող պատկերասրահում, որտեղ ներկայացված են ուզբեկական ասեղնագործության տարբեր դպրոցների՝ Տաշքենդի, Բուխարայի, Սամարղանդի, Նուրաթանի, Շահրիսաբզի, Ֆերգանայի հովտի ուղղությունները ներառող ու համադրող տարբեր սուզանիներ։
Ի տարբերություն «Չորսու» շուկայում վաճառվող ասեղնագործ իրերի՝ աչք շաղող վառ գույների բազմազանությանը, Մադինայի կենտրոնում գերակշռում էին ավելի մաքուր, զուսպ երանգները, որոնք ինձ հիշեցրին հայկական մանրանկարչության գունապնակը՝ ստացված որդան կարմիրից, լաջվարդից ու դեղին կապարից։ Այստեղ էլ՝ հենց տեղում մետաքսի թելերն ու կտորները ներկվում են բացառապես բնական ներկանյութերով, որոնց հումքն ընկույզի կեղևն է, շաֆրանը, տորոնը, ինդիգոն և այլն։
Պատկերասրահում դինամիկ պատկերաշարով ցուցադրված է սուզանիի ծնունդը՝ առաջին կութից մինչ ամբողջական պատկեր, և երբ հասնում ես պատկերաշարի վերջին նմուշին, քո առջև բացվում է համալիրի գլխավոր «զարդը», որը, Մադինայի եղբոր խոսքով, Ուզբեկստանի ամենամեծ սուզանին է՝ 8 մետր երկարությամբ և 5,5 մետր լայնությամբ։
Հասանը պատմում է՝ այս սուզանիի վրա ամիսներ շարունակ 80 կին է աշխատել․ այն պալակի դպրոցի վառ նմուշ է, որը տիեզերական քարտեզի ու ծաղկող պարտեզի տպավորություն է թողնում՝ համադրելով երկրաչափական և աստղագիտական բնույթի պատկերներն ու ուզբեկական այլ դպրոցների մոտիվները՝ պտղաբերություն խորհրդանշող նուռը, բուսական ու կենդանական աշխարհի բազմազանությունն արտացոլող տարբեր զարդանախշեր։
Այս պատկերասրահում հնի ու նորի համադրությունը լիովին ներդաշնակ է․Մադինայի աշխատանքային սկզբունքներից մեկն էլ հենց դա է եղել՝ վերականգնել ավանդույթները՝ դրանք կենսունակ դարձնելով, և այդ արդիականությունն ամենից լավ երևում է կենտրոնի վերջին կանգառում՝ վաճառասրահում, որտեղ ներկայացված են ուզբեկական ավանդական հագուստի՝ չապանների, կոշիկների, պայուսակների, տնային պարագաների ձեռագործ բացառիկ նմուշներ։
Հենց այստեղ էլ Մադինայի եղբայրը մեզ ցուցադրեց հայ-ուզբեկական ընկերության մասին իր խոստացած օրինակը՝ ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի գրառումը կենտրոնի հուշամատյանում․ նախագահը նկարել էր Արարատ լեռն ու Տաշքենդի «Սուզուկ Օտա» համալիրի գմբեթը՝ մակագրելով․ «Մեծ սիրով Երևանից՝ Տաշքենդին․ երկար կյանք սուզանիին»։
Կենտրոնից ստացած տպավորությունները դեռ երկար կջերմացնեն իմ սիրտը, բայց դառնության մի նոտա, այնուամենայնիվ, ինձ հանգիստ չի տալիս, և անընդհատ մտածում եմ՝ իսկ ի՞նչ է լինելու հայկական ասեղնագործության հարուստ ժառանգության ու ավանդույթների հետ։
Մինչ այս պահին քննարկվում է Ուզբեկստանի, Ղազախստանի և Տաջիկստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում քաշթաչիլիքը՝ ավանդական ասեղնագործության արվեստն ընդգրկելու վերաբերյալ համատեղ հայտը, իսկ Ուզբեկստանի նախագահը հսկայական աջակցություն է ցուցաբերում մեկ ընտանիքին ուզբեկական ասեղնագործության ավանդույթները շարունակելու համար, պատմականորեն հայկական ասեղնագործությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից արդեն ներառվել է Թուրքիայի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում, և միայն մի քանի նվիրյալներ են Հայաստանում փորձում քայլեր ձեռնարկել Այնթապի և առհասարակ հայկական ասեղնագործության հարուստ ավանդույթները պահպանելու ու շարունակելու ուղղությամբ։
Եվ այստեղ նորից հիշում եմ արվեստաբան Հրազդան Թոքմանջյանի խորհուրդը՝ «եթե թեման ցավացնում է, Այնթապի թեման ցավացնում է, ապա հույս ունեմ, որ էդ ցավը գոնե կդրդի, որ մերոնք Մարաշի ասեղնագործության հարցով զբաղվեն․․․․»։
Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: