Քաղաքականություն
11.11.2026 | 09:50
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով նոյեմբերի 10-ին ժամանել է Անթալիա՝ մասնակցելու Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովի 31-րդ նստաշրջանի (COP31) առաջնորդների գագաթնաժողովին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Անթալիայի միջազգային օդանավակայանում Ադրբեջանի նախագահի պատվին պատվո պահակախումբ է կանգնեցվել։ Ալիևին և առաջին տիկին Մեհրիբան Ալիևային դիմավորել են Թյուրքական պետությունների կազմակերպության Ավագների խորհրդի նախագահ Բինալի Յըլդըրըմը, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության թյուրքական աշխարհի հետ կապերի գծով փոխնախագահ, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր Քյուրշադ Զորլուն, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆուաթ Օքթայը, պատգամավոր Մևլութ Չավուշօղլուն, Անթալիայի նահանգապետ Հուլուսի Շահինը և այլ պաշտոնատար անձինք։
Հավելենք, որ այս այցը տեղի է ունենում թուրք-ադրբեջանական լարվածության ֆոնին՝ Էրդողանի օրեր առաջ Արցախ կատարած այցից հետո, որտեղ մասնակցում էր Բաքվի, այսպես կոչված,«Հաղթանակի օրվա» միջոցառումներին։
Թուրքիայի և Ադրբեջանի միջև վերջին շրջանում լարվածություն է առաջացել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելքի պատճառով։ Այս սահմանափակումը դժգոհություն է առաջացրել Ադրբեջանում, Թուրքիայից նույնպես հնչել ու հնչում են քննադատական հայտարարություններ, որոնք էլ պաշտոնական Բաքվի դժգոհությունն են առաջացրել։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալը սոցիալական ցանցերում գրառում էր կատարել՝ քննադատելով այդ որոշումը և կոչ անելով Բաքվին չեղարկել այն։ Բաքուն իր հերթին Անկարայից պահանջել էր պաշտոնից հեռացնել Սարալին։ Ի վերջո, Սարալը պաշտոնանկ էր արվել։ Թուրք հայտնի լրագրող Իսմայիլ Սայմազը, վկայակոչելով ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների և աղբյուրների, հայտնել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չէր մասնակցի Անկարայում հոկտեմբերի 29-30-ը կայանալիք Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին, եթե Սարալը շարունակեր պաշտոնավարել։ Չնայած Էրդողանի այս քայլին՝ Ալիևը, այդպես էլ չէր մասնակցել Անկարայում հոկտեմբերի 30-ին կայացած Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին։ Ադրբեջանը հանդիպմանը ներկայացրել էր արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
Հավելենք, որ այսօր առավոտյան Թուրքիա է ժամանել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մասնակցելու վերանշյալ գագաթնաժողովին:
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի