Չինաստանում սպառողական գների ինդեքսը (CPI) հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 0.7%-ով։ Այս մասին վկայում են երկրի Պետական վիճակագրական վարչության տվյալները։
Գնաճը դանդաղել է սեպտեմբերի 0.9%-ի համեմատ և հասել հունիսից ի վեր նվազագույն մակարդակին։
Trading Economics-ի հրապարակած կոնսենսուսային կանխատեսման համաձայն՝ վերլուծաբաններն ակնկալում էին սպառողական գների 0.8% աճ։
Հոկտեմբերին պարենային ապրանքների գները նվազել են վերջին մեկ տարվա ընթացքում առավելագույն՝ 2.9%-ով (սեպտեմբերին անկումը կազմել էր 1.7%)։ Պարենամթերքը էժանանում է արդեն յոթերորդ ամիսն անընդմեջ։
Ոչ պարենային ապրանքների գներն աճել են 1.5%-ով՝ նույնքան, որքան նախորդ ամսին։ Հագուստը թանկացել է 1.1%-ով (սեպտեմբերին՝ 1.2%), տրանսպորտային ծառայությունները՝ 5.3%-ով (4.3%), բժշկական ծառայությունները՝ 2.4%-ով (2.7%), կրթական ծառայությունները՝ 1.5%-ով (1.4%)։ Բնակարանային և կոմունալ ծառայությունները էժանացել են 0.3%-ով՝ ինչպես սեպտեմբերին։
Սննդամթերքի և էներգակիրների գները չհաշված՝ սպառողական գները հոկտեմբերին տարեկան կտրվածքով աճել են 0.8%-ով։ Սա վերջին ինն ամսվա ընթացքում նվազագույն ցուցանիշն է։ Սեպտեմբերին աճը կազմել էր 1%։
Անցած ամիս CPI-ն նախորդ ամսվա համեմատ չի փոխվել, ինչը համընկել է վերլուծաբանների սպասումների հետ։ Սեպտեմբերին ցուցանիշն աճել էր 0.2%-ով։
Միևնույն ժամանակ, Չինաստանում արտադրողների գների ինդեքսը (PPI) հոկտեմբերին տարեկան կտրվածքով աճել է 5.7%-ով։ Սա 2022 թվականի հունիսից ի վեր առավելագույն ցուցանիշն է։ Աճն արագացել է սեպտեմբերի 5%-ի համեմատ։ Փորձագետների կանխատեսմամբ՝ ցուցանիշը պետք է աճեր 5.3%-ով։
Ամսական կտրվածքով ցուցանիշն աճել է 0.7%-ով (սեպտեմբերին՝ 1.2%)։