«Շնորհակալ ենք մեր ավիաընկերությունն ընտրելու համար, մաղթում ենք բարի թռիչք». այս հայտարարությունից հետո ազգությամբ հայ մեկնողների առնվազն 20%-ը տևական ժամանակ, ոմանք էլ այլևս երբեք Հայաստան չեն վերադառնում։ Միգրացիան, մասնավորապես աշխատանքային նպատակով իրականացվող, վաղուց դարձել է ՀՀ տնտեսության առանձին ճյուղ՝ նշում է «Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը։
«Հայաստանից մեկնելու երկու հիմնական պատճառ կա՝ սոցիալ-տնտեսական և անվտանգային։ Տարիներ շարունակ առաջին տեղում եղել է սոցիալ-տնտեսական պատճառը, երբ մարդիկ կա՛մ չունեին աշխատանք, կա՛մ չէին վաստակում իրենց ցանկացած գումարը։ Վերջին տարիներին, ցավոք սրտի, անվտանգային պատճառով մեկնողների թիվը հավասարվել է սոցիալ-տնտեսականին»։
Բեժանյանի խոսքով՝ տարիներ շարունակ ՀՀ աշխատանքային տարիքի քաղաքացիների զբաղվածության առնվազն 20%-ն ապահովել է արտագնա աշխատանքային միգրացիան։
«Ընդհանրապես, Հայաստանից մեկնող միգրացիոն հոսքերի մոտ 80%-ը եղել են աշխատանքային միգրանտներ։ Իսկ այդ աշխատանքային միգրանտների 93-96%-ը միշտ մեկնել է ՌԴ։ Հիմա նվազել է թե՛ աշխատանքային միգրանտների թիվը, թե՛ ՌԴ մեկնողների թիվը։ Դա հիմնականում պայմանավորված է արտաքին գործոնով, քանզի 2022 թվականից սկսած՝ ՌԴ-ն ամեն տարի էականորեն խստացնում է իր միգրացիոն օրենսդրությունը։ Ու, իհարկե, ՌԴ մեկնողների թվի նվազումը պայմանավորված է նաև Ռուսաստան-Ուկրաինա պատերազմով։ Եթե մինչև 2022-23 թվականները մենք ունեինք տարեկան աշխատանքային նպատակով ՌԴ մեկնող 70-100 հազար ՀՀ քաղաքացի, ապա այդ թիվը հիմա նվազել է մոտ 30%-ով»։
Այնուամենայնիվ, էմիգրացիայի՝ արտագաղթի խնդիրը սրանով չի լուծվում։ Շարունակվում է միգրացիոն հոսքը Հայաստանից դեպի ԱՄՆ, Եվրոպա և Ռուսաստան՝ ոչ միայն աշխատանքային, այլև կրթական կամ մշտական բնակության նպատակներով։
Հայաստանում Սլավոնական համալսարանի լեզվաբանության ֆակուլտետի ուսանող Մ. Ն.-ն գերազանց առաջադիմություն ունի, նախատեսում է հետագայում զբաղվել օտար լեզուների դասավանդմամբ, սակայն իր մասնագիտական գործունեությունը Հայաստանում չի պատկերացնում։
«Հայաստանում, ըստ իս, սուղ են հնարավորությունները երիտասարդների համար՝ հատկապես մասնագիտական առումով։ Երիտասարդները չեն կարողանում իրենց ներուժն ամբողջությամբ իրացնել։ Չեմ ասում, թե այլ երկրներում ամեն բան իդեալական է, բայց հնարավորությունները, կարծում եմ, ավելի լայն են», — նշում է Մ. Ն.-ն։
Նրա խոսքով՝ եվրոպական երկրներում մանկավարժի աշխատանքն ավելի բարձր է վարձատրվում, աշխատանքային շուկան ավելի մեծ է, կյանքի որակը՝ ավելի բարձր։
Այս հարցին անդրադառնալով՝ Տաթևիկ Բեժանյանը նշեց, որ սա ամբողջ աշխարհում շատ ընդունված պրակտիկա է։
«Ես միշտ բերում եմ Գերմանիայի օրինակը, որտեղից բժիշկը մեկնում է Շվեդիա աշխատելու, որովհետև այնտեղ ավելի բարձր են վարձատրում։ Բացարձակ նշանակություն չունի՝ երկիրը որքան զարգացած է, եթե կա մասնագետի համար ավելի լավ պայման և ավելի բարձր աշխատավարձի հնարավորություն այլ երկրում։ Մենք պատրաստում ենք մասնագետ, տալիս ենք նրան կրթություն, բայց չենք ապահովում իրեն համապատասխանող, բավարար աշխատավարձով աշխատանքով, և ինքը մեկնում է ՀՀ-ից։ Կրթության վրա ծախսն արվել է այս երկրում, բայց արդեն բարիքներ ստեղծելը, հարկեր վճարելը տեղի է ունենում այլ երկրում»։
Բեժանյանի խոսքով՝ սա հանգեցնում է զբաղվածության դաշտում մեծ բացի, երբ կան թափուր աշխատատեղեր, բայց չկան համապատասխան մասնագետներ։
Որպես էմիգրացիայի մեկ այլ բացասական ազդեցություն՝ Բեժանյանը նշեց երբեմն ժամանակավոր աշխատանքային միգրացիայի՝ մշտական միգրացիայի վերածվելը, երբ աշխատանքային միգրանտը որոշ ժամանակ հետո որոշում է իր հետ տանել նաև իր ընտանիքի անդամներին։
Սակայն Տաթևիկ Բեժանյանի խոսքով՝ միգրացիան ունի նաև մի շարք դրական կողմեր։ Միգրանտները, որոնք այլ երկիր են մեկնում աշխատելու նպատակով, դրամական միջոցներ են ուղարկում իրենց երկիր։
«Երբ նայում ենք անկախությունից ի վեր ՀՀ եկած դրամական փոխանցումներին, բավականին մեծ տոկոս են կազմում արտագնա աշխատանքի մեկնողների ուղարկած գումարները։ Տարբեր տարիների այդ գումարը կազմել է ՀՆԱ-ի (համախառն ներքին արդյունքի) ընդհուպ մինչև 20%-ը։ Վերջին երկու տարիներին այդ թիվը միանիշ է դարձել, բայց առնվազն մինչև 2020 թվականը այն երկնիշ է եղել»։
Բացի այս, Բեժանյանը կարևորեց միգրանտների՝ այլ երկրներում նոր հմտություններ և գիտելիքներ ձեռք բերելու փաստը, քանզի շատ հաճախ նրանք վերադառնում և այստեղ են կիրառում այդ հմտություններն ու գիտելիքները, դրանց հիման վրա աշխատանք գտնում։
«Պետք է հաշվի առնել, որ անձի տեղաշարժը նրա ազատ կամքի ու ազատ ընտրության դրսևորումն է։ Եթե մենք որևէ մեկին արգելենք ազատ տեղաշարժվել՝ այլևս ժողովրդավար պետություն չենք լինի։ Միևնույն ժամանակ պետք է ապահովել բարեկեցիկ կյանքի այն սոցիալ-տնտեսական պայմանները, սովորելու, ապրելու, վաստակելու այն հնարավորությունները, որոնք ձգում են մարդկանց՝ տեղափոխվելու այլ երկրներ», — նշեց Բեժանյանը՝ հավելելով, որ այսօր մարդիկ վերադառնում են ՀՀ գրեթե նույն սոցիալ-տնտեսական և անվտանգային պատճառներով, ինչի համար տարիներ շարունակ մեկնում էին ՀՀ-ից։
«Իմիգրացիան՝ ներգաղթը, նոր երևույթ է մեզ համար։ 2022 թվականից մենք ունենք ակտիվ իմիգրացիոն հոսքեր, մասնավորապես՝ ՌԴ-ից, պայմանավորված ռուս-ուկրաինական պատերազմով։ Նաև նկատվում է Հնդկաստանի քաղաքացիների ակտիվություն՝ պայմանավորված Հնդկաստանի հետ վիզայի ռեժիմի փոփոխությամբ։ Մի հետաքրքիր արտահայտություն կա, ասում են՝ Հայաստանը երեխաներին մեծացնելու երկիր է։ Այսինքն՝ մեր երկրի ներսում միջավայրն ու անվտանգային պայմաններն այնպիսին են, որ երեխան հանգիստ կարող է տնից դուրս գալ ու վերադառնալ։ Սա այն կարևոր պատճառներից մեկն է, որ օտարերկրացիները ցանկանում են գալ ու բնակվել Հայաստանի Հանրապետությունում»։
Մերի Կուրեղյան
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: