Հայաստանում նոյեմբերի 9-ը շարունակում է ընկալվել որպես ազգային ողբերգության, պարտության և հազարավոր ընտանիքների չսպիացող վերքի խորհրդանիշ։
Հայ ժողովուրդը սգում է արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների հիշատակը՝ չհաշտվելով պատերազմի աղետալի ելքի, կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրման և Արցախի կորստի հետ։
«Ադրբեջանը նոյեմբերի 9-ի խայտառակ փաստաթղթով ստացավ այն, ինչը չկարողացավ գրավել ամբողջ 44 օրերի ընթացքում»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է հոկտեմբերի 27-ին հերոսաբար նահատակված կրտսեր սերժանտ Գաբրիել Ավետիսյանի մայրը՝ Նելլի Թումանյանը։
Նրա խոսքով՝ նոյեմբերի 9-ով պատերազմը գուցե ավարտվեց թղթի վրա, բայց այն շարունակվում է հազարավոր հայ ընտանիքների կյանքում՝ ամեն օր, ամեն ժամ։ Այն ընտանիքների, որոնք ռազմի դաշտում թողեցին իրենց ամենաթանկին՝ որդիներին, ամուսիններին, եղբայրներին ու հայրերին։ Նրանց համար պատերազմը չունի ավարտի օր, իսկ նոյեմբերի 9-ը ոչ թե խաղաղության, այլ կորստի ու անարդարության օր է։
Նելլի Թումանյանի որդին՝ Գաբրիել Ավետիսյանը, Գյումրու ուսումնական զորամասում վերապատրաստվելուց հետո տեղափոխվել էր Արցախ՝ ծառայելով 2-րդ պաշտպանական շրջանում։ Նա հակատանկային դասակի հրամանատար էր։ Պատերազմի առաջին իսկ օրերից Գաբրիելը եղել է իր զինակիցների կողքին, չի լքել իրեն վստահված դիրքը, չի նահանջել վտանգի առաջ։ Նա գիտակցում էր, որ իր թիկունքում հայրենի հողն է, իր ընտանիքը, իր ժողովուրդը, և այդ գիտակցությամբ էլ մինչև վերջ կատարել է զինվորական պարտքն ու կռվել՝ չխնայելով սեփական կյանքը։
Հոկտեմբերի 27-ին Գաբրիելը զոհվեց՝ հայրենիքի պաշտպանության համար։ Նա այն տղաներից էր, որոնք իրենց կյանքը դրեցին հայրենիքի զոհասեղանին՝ հավատալով, որ իրենց պաշտպանած հողը շարունակելու է հայկական մնալ։ Սակայն այսօր նրա մայրը ստիպված է ապրել մի իրականության մեջ, որտեղ որդին այլևս չկա, իսկ այն հողը, որի պաշտպանության համար նա կյանքը չխնայեց, հանձնված է թշնամուն։
«Հիմա ո՛չ ինքը կա, ո՛չ իր պահած հողը։ Գոնե Արցախը չհանձնեին, սփոփանք կլիներ։ Ես Արցախում երբեք չեմ եղել, չհասցրեցի, ափսոսում եմ։ Իմ տղան իր կյանքը տվեց, որ այդ հողը մնա, որ մեր հայրենիքը չկորցնենք։ Նա իր պարտքը մինչև վերջ կատարեց, իսկ ի՞նչ եղավ մեր զոհերի կյանքի գնով պաշտպանված հողին։ Ինչպե՞ս կարելի է հաշտվել այն մտքի հետ, որ տղաներդ զոհվել են, նրանց թափած արյունը դեռ չի չորացել, իսկ տարիներ անց տեսնում ես, որ այն, ինչ նրանք պաշտպանել են իրենց կյանքի գնով, հանձնված է թշնամուն։ Արցախը միտումնավոր տարան պարտության։ Գժվելու իրականություն է․ դպրոցներից հեռացնում են տղաների նկարները, արգելում են հիշատակի ու մեծարման երեկոներ կազմակերպել, ուրանում են մեր տղաներին»,- ասաց Նելլի Թումանյանը։
Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարությամբ հայտարարվեց ռազմական գործողությունների դադարեցման մասին, իսկ փաստաթղթով նախատեսված պայմանների համաձայն՝ Ադրբեջանին անցան Արցախի մի շարք տարածքներ, այդ թվում Շահումյանի և Քաշաթաղի շրջանները։ Նոյեմբերի 9-ից հետո Արցախը դե ֆակտո հայտնվեց շրջափակման մեջ, ինչը 3 տարի հետո բնիկ ժողովրդի էթնիկ զտման պատճառ դարձավ։