Թրամփը հայտարարել է, որ պատերազմը կավարտվի «մի փոքր այլ տեսք ունեցող Ուկրաինայով»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայում ընթացող պատերազմի վերաբերյալ մի շարք հայտարարություններ է արել CBS News հեռուստաալիքի «60 Minutes» հաղորդմանը տված հարցազրույցի ընթացքում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Պատերազմի ավարտի մասին հարցին ի պատասխան՝ Թրամփը հիշատակել է Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև նոյեմբերի 10-11-ը Աբու Դաբիում նախատեսված եռակողմ բանակցությունները և հայտարարել. «Կարծում եմ՝ մենք կանենք դա և ամեն ինչ կավարտվի մի փոքր այլ տեսք ունեցող Ուկրաինայով»։

ԱՄՆ նախագահը չի հստակեցրել՝ արդյոք նկատի ունի տարածքային զիջումներ, թե որևէ այլ փոփոխություն։

Հաղորդավարը Թրամփին հարցրել է նաև, թե ում է ավելի շատ վստահում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, թե՞ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկիին։

«Ես ավելի լավ է այդ մասին չխոսեմ, բայց երկուսի հետ էլ լավ հարաբերություններ ունեմ»,- պատասխանել է Սպիտակ տան ղեկավարը։

Լրագրողը Թրամփին հարցրել է, թե որն է պատերազմի ավարտին հասնելու գլխավոր խոչընդոտը։ Ի պատասխան՝ նա կրկնել է նախկինում բազմիցս հնչեցրած այն տեսակետը, որ Պուտինի և Զելենսկիի միջև ատելություն կա։ Հաղորդավարը հակադարձել է՝ նշելով, որ Ուկրաինայի առաջնորդին կարելի է հասկանալ, քանի որ նրա երկիրը ենթարկվել է լայնածավալ ներխուժման։

«Այո, դա այդպես է, բայց երբ նրանք առաջին անգամ հանդիպեցին, Ռուսաստանի նկատմամբ հսկայական անհարգալից վերաբերմունք է դրսևորվել։ Ուստի ես ոչինչ չեմ ասի»,- հայտարարել է Թրամփը։ Նա չի հստակեցրել, թե կոնկրետ որ «առաջին հանդիպման» մասին է խոսքը։

Լրագրողը նաև հարցրել է ԱՄՆ նախագահին՝ արդյոք նա չի՞ կարծում, որ Պուտինն իրեն մոլորեցնում է։ Թրամփը պատասխանել է. «Ո՛չ»։

Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ չգիտի, թե կոնկրետ ով է որոշում կայացրել դանդաղեցնել ուկրաինացի զինվորականների համար արբանյակային ինտերնետի աշխատանքը, և արդյոք դա արել է SpaceX ընկերության ղեկավար Իլոն Մասկը։

«Չեմ կարող ասել, թե ով է անջատել այդ համակարգը։ Բայց կարող եմ ասել, որ ի վերջո նա կրկին միացրել է այն, այնպես որ նրանք դա ունեն»,- ասել է Թրամփը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ակնկալում է Ուկրաինայի հարցով «մեծ և հիանալի գործարք», որը «կարող է առնչվել ամբողջ Եվրոպային»։ Նա որևէ մանրամասն չէր ներկայացրել՝ սահմանափակվելով միայն այն հայտարարությամբ, որ «բոլորը պարզապես հիացած կլինեն»։

Նոյեմբերի 10-11-ը Աբու Դաբիում էլ նախատեսված են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև եռակողմ բանակցություններ։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment