Մենք չենք կարող դառնալ տարբեր ժամանակների աշխարհաքաղաքական իրավիճակների սրացումների մշտական զոհը. Նարե Սիմոնյան

«Մենք չենք հրաժարվել արցախցիների իրավունքներից, այդ թվում՝ հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքից։ Պահանջում ենք թե՛ ՀՀ կառավարությունից, թե՛ միջազգային հանրությունից, թե՛ հավաքական ու ոչ հավաքական Արևմուտքից, որը մարդու իրավունքների պաշտպանության դրոշակակիրն է, և թե՛ ՌԴ-ից, որը եռակողմ հայտարարության կողմերից է, վերականգնել արդարությունը։ Մենք չենք կարող դառնալ տարբեր ժամանակների աշխարհաքաղաքական իրավիճակների սրացումների մշտական զոհը։ Մենք ունենք մեր իրավունքները, պատրաստվում ենք պաշտպանել այդ իրավունքները, տեր կանգնել դրանց և հավաքական, անվտանգ ու ապահով վերադառնալ մեր հայրենիք»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի հանրային խորհրդի անդամ Նարե Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ այսօր արցախցի մի շարք հասարակական ու քաղաքական գործիչներ Եռաբլուրում հարգանքի տուրք են մատուցել 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին։ 

Հիշեցնենք նաև, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրվեց Արցախում հրադադարի մասին եռակողմ հայտարարությունը, որով ավարտվեց 44-օրյա արցախյան պատերազմը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած փաստաթուղթն ուժի մեջ մտավ նոյեմբերի 10-ից։

Նարե Սիմոնյանի խոսքով՝ արցախցիներն այսօր շատ ծանր իրավիճակում են հայտնվել ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում։

«Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունը չի ստանձնում արցախցիների իրավունքների պաշտպանությունը, սակայն տարբեր ժամանակներում տեսել ենք տարբեր երկրների արձագանքները։ 2020-ին եղել է Ֆրանսիայի Սենատի նախաձեռնությունը, Գերմանիայի կանցլերի հայտարարությունը։ 2023-ից հետո տարբեր երկրներ խոսել են հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքի մասին։ Կա շվեյցարական հարթակը, որը խոսում է արցախցիների վերադարձի իրավունքից։ 2020-ից հետո եղել է նաև ՌԴ նախագահի հայտարարությունը, որ Արցախի կարգավիճակի հարցը թողնվում է հետոյին։ Շատ դժվար է այս իրավիճակում, երբ չկա մի պետություն, որը ստանձնում է այդ իրավունքների պաշտպանությունը։ Շատ դժվար է այդ իրավունքներն առաջ տանել, բայց միջազգային հանրության կողմից, ոչ բավարար, սակայն, այդ ջանքերը կան»,- նշեց նա։

Նարե Սիմոնյանը նկատեց, որ չի կարող լինել խաղաղություն Ադրբեջանի հետ, որը հիմնված չէ արդարության վրա, այլ հիմնված է մի կողմի քմահաճույքների և մյուս կողմի անվերապահ զիջումների վրա։

 

 

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment