Հայաստանում ՔԿՀ-ների հետ կապված զարգացումների վիճակը միանշանակ համեմատելի չէ նախորդ բոլոր տարիներին եղած իրավիճակների հետ։ Այդ մասին Ազգային ժողովում 2027 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը։
«Վերջին տարիներին այն ռեսուրսները, որոնք ներդրվում են ՔԿՀ-ների զարգացման հետ կապված հարցերում, ուղղակի անհամեմատելի են նախկինում եղած իրավիճակի հետ, որովհետև շենքային պայմանների բարելավումները, որոնք արվում են ՔԿՀ-ներում, միանշանակ չեն եղել նախկինում»,- ասաց նա։
Ըստ ՀՀ ՄԻՊ-ի՝ մի շարք հարցերի առնչությամբ պետական մարմիններն ունեն համապատասխան ստանդարտների վերաբերյալ ճանաչելիության խնդիր։ Հետևաբար անհրաժեշտ է հետևողական աշխատանք իրականացնել այդ ուղղությամբ՝ ապահովելով պետական մարմինների ներկայացուցիչների իրազեկվածության բարձրացումը և կազմակերպելով համապատասխան վերապատրաստումներ։ Միևնույն ժամանակ, պետությունը պետք է շարունակաբար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ հատկացնի այս ուղղությամբ աշխատանքների իրականացման և պայմանների բարելավման համար։ Իսկ այն ՔԿՀ-ների պարագայում, որոնց պայմանները նորմալ չեն շահագործման համար, անհրաժեշտ է գտնել լուծումներ։
«Հորդորում եմ քաղաքական մեծամասնությանը և քաղաքական փոքրամասնությանը միավորել ուժերը և այլընտրանքային լուծումներ գտնել, որովհետև եթե ամեն անգամ ասենք, որ սրա համար փող չունենք, կամ հաջորդ տարի չէ, մյուս տարի կլինի, մի 30 տարի էլի սպասելու ենք։ Այս ոլորտում պետք է շատ լուրջ աշխատանք իրականացնել»,- ասաց նա՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ ՔԿՀ-ներում փոփոխություններ կան, բայց միևնույն ժամանակ շարունակում են խնդիրներ լինել։