Հայաստանի ԱԲ ապագան․ նորարարությունից և ենթակառուցվածքներից դեպի պատասխանատու կառավարում

Նոյեմբերի 6-ին Երևանում անցկացվեց Ինտերնետ կառավարման հայաստանյան 11-րդ համաժողովը՝ ArmIGF 2026-ը, որի առանցքում էին արհեստական բանականության զարգացումը, թվային ենթակառուցվածքների անվտանգությունն ու կայունությունը և Հայաստանի թվային ապագայի ձևավորումը։

Համաժողովին մասնակցել է նաև Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը՝ ելույթ ունենալով «Հայաստանի ԱԲ ապագան․ նորարարությունից և ենթակառուցվածքներից դեպի պատասխանատու կառավարում» թեմայով քննարկմանը։ Նա անդրադարձել է Հայաստանում արհեստական բանականության անվտանգ և պատասխանատու զարգացման նախադրյալներին, այդ թվում՝ անհրաժեշտ ենթակառուցվածքների, տվյալների հասանելիության, մասնագիտական կարողությունների և պետություն-մասնավոր հատված համագործակցության նշանակությանը։

«Արհեստական բանականությունը կարող է դառնալ Հայաստանի տնտեսական զարգացման և մրցունակության բարձրացման առանցքային գործոններից մեկը։ Սակայն դրա ներուժն իրացնելու համար անհրաժեշտ են ոչ միայն նորարարական լուծումներ, այլև հուսալի թվային ենթակառուցվածքներ, հասանելի տվյալներ, որակյալ մասնագետներ և պատասխանատու կառավարման հստակ սկզբունքներ։ Առանձնահատուկ կարևորություն ունեն հեռահաղորդակցության ենթակառուցվածքների զարգացումը, տվյալների պաշտպանությունը, կիբեռանվտանգությունը և տեխնոլոգիաների նկատմամբ հանրային վստահությունը։ Որպես հեռահաղորդակցության ոլորտի առաջատարներից մեկը՝ Viva-ն իր դերը տեսնում է հուսալի և անվտանգ կապի ապահովման, ցանցի շարունակական արդիականացման և թվային ծառայությունների հասանելիության ընդլայնման մեջ։ Մենք համոզված ենք, որ պետության, մասնավոր հատվածի և բարձր տեխնոլոգիական համայնքի համագործակցությունը հնարավորություն կտա արհեստական բանականության ներուժը վերածելու իրական տնտեսական և հասարակական բարիքի»,- ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։

Համաժողովը բազմաշահառու երկխոսության և համագործակցության հարթակ է, որը միավորում է պետական կառույցների, մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության, տեխնիկական և ակադեմիական համայնքների, կրթական հաստատությունների, ինչպես նաև երիտասարդների և թվային զարգացմամբ հետաքրքրված այլ խմբերի ներկայացուցիչների։ Այս տարվա քննարկումները կենտրոնացված էին Հայաստանի թվային զարգացման առանցքային ուղղությունների վրա՝ արհեստական բանականության պատասխանատու կառավարումից մինչև կիբեռանվտանգություն, տարածաշրջանային թվային կապակցվածություն և թվային ծառայությունների հավասար հասանելիություն։

«Արհեստական բանականության նկատմամբ աճող հետաքրքրությունը նոր հնարավորություններ է ստեղծում հետազոտությունների, բիզնեսի, ներդրումների և միջազգային համագործակցության համար։ Զուգահեռաբար մեծանում են նաև մարտահրավերները։ Որպես ինտերնետային համայնքի ներկայացուցիչներ՝ մենք պարտավոր ենք այսօր նախանշել դրանք և հետագա զարգացման լուծումներ առաջարկել։ Սա մեր երկրի անվտանգության ու զարգացման կարևոր ուղղություններից մեկն է»,- նշել է «Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի նախագահ Իգոր Մկրտումյանը։

Միջոցառման մասնակիցներն անդրադարձել են մարդու իրավունքների և անձնական տվյալների պաշտպանության, գաղտնիության, թափանցիկության, հաշվետվողականության խնդիրներին՝ արհեստական բանականության կիրառության ընդլայնման համատեքստում։

Համաժողովը կազմակերպել էին «Ինտերնետ հանրություն» և «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ները՝ «ՀՀ ինտերնետ կառավարման համաժողով» միջգերատեսչական խմբի նախաձեռնությամբ։

Leave a comment