Տեսչական մարմին․ Հայրենական կաթնամթերքում աղիքային ցուպիկի վտանգավոր շտամներ չեն հայտնաբերվել

Հայրենական կաթնամթերքում վերջին շրջանում չեն հայտնաբերվել աղիքային ցուպիկի խմբի բակտերիաների (ԱՑԽԲ) ախտածին շտամներ, որոնք կարող են առողջական խնդիրներ առաջացնել, հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

Գերատեսչությունը, հղում անելով ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի պարզաբանումներին, նաև նշում է, որ սննդամթերքի օգտագործման հետ կապված զանգվածային սննդային թունավորումների դեպքեր չեն գրանցվել։

Այսպիսով, Տեսչական մարմինը մեկնաբանել է վերջին օրերին տեղական արտադրության կաթնամթերքի անվտանգության հետ կապված հանրային քննարկումները, որոնք ծավալվել էին «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության հայտարարությունից հետո։

Ի՞նչ է նշանակում աղիքային ցուպիկի բակտերիաների հայտնաբերումը

Տեսչությունից պարզաբանել են, որ հանրային քննարկումը կենտրոնացած է հիմնականում մանրէաբանական ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշի վրա, որը համարվում է երկրորդային աղտոտման հետևանք:

ՀՎԿԱԿ-ի պարզաբանումների համաձայն՝ ԱՑԽՄ-ի առկայությունը կարող է վկայել մանրէային աղտոտման, սանիտարահիգիենիկ պայմանների անբավարարության, ինչպես նաև մաքրման և ախտահանման գործընթացների հնարավոր թերությունների մասին։

Ընդ որում, ԱՑԽՄ խմբի ոչ բոլոր մանրէներն են ախտածին: Դրանց մի մասը բնականորեն հանդիպում է մարդու և կենդանիների աղիքային միկրոֆլորայում, ինչպես նաև շրջակա միջավայրում՝ առանց պարտադիր հիվանդություն առաջացնելու։

Միևնույն ժամանակ, այդ խմբի առանձին որոշ շտամներ կարող են առաջացնել առողջական խնդիրներ, որոնք, սակայն, կաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել և սննդի գործոնով պայմանավորված զանգվածային թունավորման դեպքեր չեն արձանագրվել։

Տեսչական մարմինն ընդգծել է, որ շարունակում է համագործակցել պետական կառույցների, այդ թվում՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հետ և օպերատիվորեն արձագանքել սննդամթերքի անվտանգության ոլորտում հնարավոր խախտումների վերաբերյալ քաղաքացիների ահազանգերին։

Աղմկահարույց հայտարարության մասին

Ավելի վաղ «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը հայտնել էր 11 հայկական արտադրողների կաթնամթերքի լաբորատոր հետազոտությունների ընթացքում հայտնաբերված մանրէաբանական խախտումների մասին։

Նրա հրապարակած տվյալների համաձայն՝ աղիքային ցուպիկի խմբի բակտերիաներ են հայտնաբերվել կաթի, թթվասերի, կաթնաշոռի և պանրի առանձին նմուշներում։ Բացի այդ, կաթնաշոռի մի շարք նմուշներում հայտնաբերվել են շեղումներ՝ դրոժի, բորբոսասնկերի և կաթնաթթվային բակտերիաների ցուցանիշներով։

Հետագայում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնել էր հետազոտության մեջ շոշափվող բոլոր 11 ընկերություններում ստուգումներ անցկացնելու մասին։

ԱՌԿԱ

Leave a comment