Մադուրոն իր ազատ ժամանակի մեծ մասն անցկացնում է Աստվածաշունչ, Ղուրան, փիլիսոփայություն կարդալով․ NYT

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, ով կալանքի տակ է Բրուքլինում, սկսել է ուսումնասիրել կրոն և փիլիսոփայություն․ այս մասին հայտնել է «The New York Times»-ը։

Ըստ աղբյուրների՝ Մադուրոն իր ազատ ժամանակի մեծ մասն անցկացնում է Աստվածաշունչ և Ղուրան կարդալով։ Նա նաև հանդիպում է բանտային հոգևորականների, այդ թվում՝ քահանայի և ռաբբիի հետ։ Հատկանշական է, որ հուդայականության հանդեպ նրա հետաքրքրությունն ի հայտ է եկել միայն ձերբակալությունից հետո. թեև Մադուրոն նախկինում պնդում էր, որ սեֆարդ հրեաների սերունդ է, նրա մերձավոր շրջապատի մարդիկ նշում են, որ նա նախկինում երբեք նման հետաքրքրություն չի ցուցաբերել։

63-ամյա Մադուրոն կալանքի ընթացքում նիհարել է, ինչպես և նրա կինը՝ Սիլիա Ֆլորեսը։ Վերջինիս առողջական վիճակը բնութագրվում է որպես «ավելի անկայուն»․ հունվարին ձերբակալվելու պահին նա ապաքինվում էր արգանդի հեռացման վիրահատությունից (հիստերեկտոմիա)։ Կալանքի տակ նրան կրծքավանդակի ցավերի համար նշանակվել է նիտրոգլիցերին․ փաստաբանները ենթադրում են, որ հուլիսին նա կարող է սրտի կաթված տարած լինել։ Նիկոլաս Մադուրոն նաև կորցրել է երկու ատամ։

NYT-ը նաև հայտնել է, որ Ֆլորեսը երեք ամիս անցկացրել է մենախցում։ Ընդհանուր բանտախուց տեղափոխվելուց հետո նա տուժել է պղպեղային սփրեյից, որն օգտագործվել էր բանտարկյալների միջև ծագած կռիվը ցրելու համար։

Մադուրոն ու նրա կինը ձերբակալվել են ԱՄՆ հատուկ նշանակության ուժերի կողմից հունվարի 3-ին Վենեսուելայում իրականացված ռազմական գործողության ընթացքում։ Նրանց Նյու Յորք են տեղափոխել ռազմածովային դեսանտային նավով և ինքնաթիռով։ Հարավամերիկյան երկրի իշխանությունները տեղի ունեցածը որակել են որպես ռազմական ագրեսիայի ակտ։ Ըստ նրանց տվյալների՝ հունվարի սկզբին տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում հարյուր մարդ է զոհվել։

Leave a comment