Հայաստանի ընդդիմադիր քաղաքական ուժերը, որոնք օրերս հայտարարել էին միավորվելու և միասնական հանդես գալու մասին, իրենց համախմբման նպատակների մասին նոյեմբերի 8-ին իրազեկման ակցիաներ են իրականացրել Երևանի տարբեր հատվածներում, հայտնում է Արմենպրեսը:
Իրազեկման ակցիաների մեկնարկի մասին հայտարարել էր Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
Ակցիաների վերաբերյալ հրապարակված տեսանյութերից երևում է, որ ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչները փողոցում շփվում են իրենց հանդիպող քաղաքացիների հետ, նրանց են ներկայացնում այն նպատակները, որոնց շուրջ իրենք համախմբվել են։ Մասնավորապես, նրանք քաղաքացիներին թռուցիկներ են բաժանում՝ շեշտելով, որ «իրենց պայքարը Հայաստանի անկախությանը կրկին այո ասելու մասին է» ու պնդելով, թե «Ադրբեջանի նախագահը Հայաստանի իշխանություններին պարտադրում է փոխել Սահմանադրությունը, ինչը իրենք թույլ չեն տա»։
Ընդդիմադիրների ակցիաներին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
«Լևոն Տեր֊Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները։ Նրանց քաղաքական ժառանգները չեն խնայում ոչ մի ջանք՝ հանուն Հայաստանի անկախության դեմ պայքարի, հանուն իրենց կալուգացի տերերի։ Հատկապես ամաչում եմ Արամ Մանուկյանի փոխարեն, որը վերածվել է լիակատար Լևոն Զուրաբյանի։ Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»,- գրել է Ռուբեն Ռուբինյանը։
Նոյեմբերի 4-ի երեկոյան «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի առանձնատանը կազմակերպված հանդիպումից հետո 13 քաղաքական ուժեր հրապարակել են համատեղ հայտարարություն՝ ներկայացնելով այն առանցքային հարցերը, որոնց լուծման ուղղությամբ մտադիր են համախմբել իրենց հնարավորություններն ու ջանքերը։
Ընդդիմադիր քաղաքական ուժերն իրենց համագործակցության օրակարգում առանձնացրել են չորս հիմնական առաջնահերթություն՝ «Ալիևյան սահմանադրության պարտադրանքի մերժում, խաղաղություն՝ առանց միակողմանի զիջումների և տարածքային կորուստների, ազգային ինքնության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանություն, ժողովրդավարական ազատությունների և իրավունքների վերականգնում»։