«Որքան մեծանում է ճնշումը, այնքան ծանր է լինելու հակազդեցությունը». Էլինար Վարդանյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ նախկին պատգամավոր Էլինար Վարդանյանը նշեց, որ, հաշվի առնելով, թե ով է դատավորը, դրական կանխատեսումներ չի կարող անել։ «Շատ լավ պատկերացնում եմ, թե այսօրվա մեր դատական համակարգը ինչպիսի ուղղորդման պայմաններում է գործում: Հետևաբար ակնկալիք չունեմ, որ դատավորը կառաջնորդվի օրենքով և խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ որոշում կկայացնի, բայց, ինչպես միշտ, ուզում եմ հավատալ, որ ի վերջո արդարությունը և արդարադատությունը հաղթելու են, և դա կլինի այսօր ու ոչ թե շատ ավելի ուշ: Այնպես որ դատավորը հնարավորություն ունի իր գործողություններով ապացուցելու, որ չի գտնվում ճնշումների ներքո»։

Ինչ վերաբերում է Սամվել եւ Նարեկ Կարապետյանի հետ կապված իշխանությունների գործողություններին, այս մասին էլ Վարդանյանը նշեց. «Որպեսզի հնարավոր լինի կյանքի կոչել այն բոլոր խոստումները, որոնք Փաշինյանը տվել է Ալիևին, բոլոր ակտիվ քաղաքական գործիչներին փորձում է ճնշել, ստեղծել վախի մթնոլորտ: Ամեն առավոտ ինչ-որ մեկի տանը խուզարկություն անելը և այլն հանրության մոտ ստեղծում է տպավորություն, որ հաջորդը կարող է լինել ինքը, իսկ այս վախի մթնոլորտի պայմաններում շատ ավելի հեշտ է հասարակությանը և հանրությանը կառավարելը: Բայց ես ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել իրենց, որ որքան մեծանում է ճնշումը հանրության նկատմամբ, այնքան շատ ավելի ծանր է լինում հակազդեցությունը: Հետևաբար իրենց որոշումներ կայացնելիս անպայման թող ելնեն այդ կանխավարկածից՝ մի օր դա պայթելու է»։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հ. Գ. Հանրային մեղադրող Լիանա Մարկոսյանը դատարանում միջնորդեց 3 ամսով երկարաձգել Ծառուկյանի խափանման միջոց կալանքը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment