«Վաղ առավոտից Սամվել Կարապետյանի շուրջ տեղի ունեցողը, շեշտել ենք և էլի եմ շեշտում, ոչ մի իրավական տրամաբանության մեջ չի տեղավորվում»,- Հակակոռուպցիոն դատարանի առջև լրագրողներին ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անուշ Միրզոյանը։
«Այս ամեն ինչը քաղաքական հետապնդում է։ Ուզում եմ նշել, որ Սամվել Կարապետյանն այսօր կրկին կանգնած է բանտային կալանքի առջև մեկ բանի՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը պաշտպանելու համար։ Կարծես թե այս մեղադրանքը գրած լինի Ալիևը, որը թարգմանել է Փաշինյանը։
Մենք հիշում ենք, որ որոշ ժամանակ առաջ ազգային բարերար Սամվել Կարապետյանը կախարդական մի արտահայտություն արեց։ Ասաց. «Մենք մեր ձևով պաշտպանելու ենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին», ինչին հաջորդեցին նրան կալանքի տանելու՝ Փաշինյանի ապօրինի այս գործողությունները։ Հիմա էլ նույն բանը տեղի է ունենում արդեն սահմանադրության պաշտպանության համար։
Ես ուզում եմ հստակ նշել, որ «Ուժեղ Հայաստանը» իր առաջնորդի, իր խմբակցության ղեկավարի հետ միասին ոչ մի բռնաճնշումից չի վախենում։ Հակառակը, հենց այս ամեն ինչը հուշում է, որ Փաշինյանն ինքը վախերի մեջ է, նա սարսափելի արտաքին ճնշումների տակ է, ինչի համար փորձում է հրահրել ներքին խառնակչություն։
Բայց ես ուզում եմ նաև հստակ ընդգծել, որ Նիկոլ Փաշինյանը 2026 թվականին խորհրդարանական ընտրությունների ժամանակ չի ստացել ժողովրդի ձայների մեծ մասը։ Նա փաստացի սահմանադրական մեծամասնություն չէ։ Այսինքն՝ 50+1 ձայն փաստացի դեմ է նրան։ Այսինքն՝ այդ մանդատը ժողովուրդը մեզ է տվել՝ պատ դնելու ալիևյան սահմանադրության առջև։
Եվ ես ուզում եմ մեր հայրենակիցներին խնդրել, որպեսզի իրենք որևէ պարագայում չընկճվեն, ավելի վճռական դառնան, որովհետև սա անձերի համար պայքար չէ։ Սա պայքար է՝ մեր ազգային ինքնության, մեր եկեղեցու, մեր սահմանադրության, մեր հայրենիքի համար։ Եվ մենք չպետք է անտարբեր լինենք, մենք այս իմաստով պետք է կանգնենք ազգային ուժերի կողքին։
Ես վստահ եմ, որ և՛ Հայաստանի համար պայքարը, և՛ Փաշինյանի դեմ պայքարը մենք վստահաբար հաջողելու ենք։ Ոչ մի պարագայում ոչ մի բռնաճնշումից չենք նեղսրտում։ Սա փորձություն է, որի միջով մենք անցնում ենք։ Եվ Հայաստանում փոփոխություններն անխուսափելի են։ Այս ամենը խոսում է Փաշինյանի վախերի մասին։ Փաշինյանը և Սամվել Կարապետյանի նկարից է վախենում, և նրա խոսույթից է վախենում։ Եվ մենք փաստացի տեսնում ենք, որ նրան կալանավորելով՝ փորձում են դավադիր կերպով ժողովրդի թիկունքում Ալիևի պահանջով փորձ անել՝ փոխել սահմանադրությունը։
Չի հաջողվելու։ Նրան հայ ժողովուրդը չի տվել Ալիևի պահանջով սահմանադրությունը փոխելու մանդատ»։
Անուշ Միրզոյանը նաև նշեց, որ ներկայիս դրությամբ իրենց համակիրների 65 հասցեներում խուզարկություններ են եղել, ինչը ևս մասնագիտական պրակտիկայում, կարծես, աննախադեպ է։
«Ի՞նչ են ուզում գտնել։ Ոչինչ չեն գտնելու։ Ուղղակի ուզում են մարդկանց շրջանում վախ մտցնել։ Երեք միլիոն մարդու գալու են ձերբակալե՞ն, կալանավորե՞ն։ Դանակը հասել է ոսկորին։ Եվ հայ ժողովուրդն արդեն շատ լավ հասկանում է, որ Ալիևի պահանջներն արդեն հասել են իրենց դռներին։ Եթե սահմանադրությունը փոխվի, դրան հաջորդելու է այն, որ ադրբեջանցիները գալու են, դռնեդուռ ծեծեն ու ասեն՝ սա մեր տունն է։ Այս մարդը չի կարողանում ղեկավարել և օր առաջ պետք է հրաժարական տա»,- ասաց պատգամավորը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: