Եթե ՀՀ ժողովուրդը մեր փաստարկները կհամարի արդարացված և ծանրակշիռ, ով էլ լինի, ինչ էլ լինի՝ այդ խնդիրը լուծվելու է. Փաշինյանը՝ Սահմանադրության մասին
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Ընդդիմությունը թող պատասխանի՝ ուր են 300 հազար ադրբեջանցիները, որոնք իրեց ասելով արդեն իսկ ճամպրուկները հավաքած վերադառնում էին Հայաստան: Քաղաքական պատասխանատվություն պետք է հետևի այդ կեղծ խոսույթներին»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը ներկայացրեց իրենց օրակարգը՝ կապված Սահմանադրության հետ. «Ասում ենք, ուզում ենք, որ Հայաստանի ժողովուրդն առաջին անգամ իր պատմության մեջ իր ազատ քվեով ընդունի Սահմանադրություն, ընդդիմություն ասում է՝ Ալիևի Սահմանադրություն, սա է իրենց նպատակը՝ պետությունը, ինքնիշխանությունը, ժողովրդի իշխանության ուժը նսեմացնել, որպեսզի Հայաստանում պետություն չլինի: Ես խոսել եմ ընդդիմությանը համոզելու մասին, ես դրել եմ խնդիր, որը հրապարակային և թափանցիկ է, եթե ՀՀ ժողովուրդը մեր փաստարկները կհամարի արդարացված և ծանրակշիռ, ով էլ լինի, ինչ էլ լինի՝ այդ խնդիրը լուծվելու է, եթե ժողովուրդը մեր փաստարկները չհամարի ծանրակշիռ, ով էլ լինի, ինչ էլ լինի՝ այդ խնդիրը չի լուծվելու: Ես շատ կարևոր եմ համարում, որպեսզի ժողովրդին առաջարկվի ռազմավարական հստակ պատկերացում, թե մենք ինչ ենք անում և ինչի համար: Եթե մենք չհենվենք իրական Հայաստանի գաղափարախոսության վրա, Հայաստանի պետության գոյությունը կասկածի տակ է»: