ՀՖՖ նախագահի թեկնածուի համար հայերենի իմացության պահանջը վերացվել է

Բաժանորդագրվել

Փոփոխությունների հիմնավորման համաձայն՝ հայերենի իմացության և Հայաստանում մշտական բնակության պահանջները կարող էին սահմանափակել համապատասխան մասնագիտական փորձ ունեցող թեկնածուների առաջադրման հնարավորությունը։

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահի և գործադիր կոմիտեի անդամի թեկնածուների համար այլևս պարտադիր չի լինի հայերենին տիրապետելը և վերջին մեկ տարում Հայաստանում մշտապես բնակվելը։
Այսօր ՀՖՖ արտահերթ ժողովում կանոնադրական փոփոխություններն ընդունվել են 29 կողմ, 2 դեմ ձայներով։

Ժողովին մասնակցել է ֆեդերացիայի 34 անդամներից 31-ը։ ՀՖՖ-ի ներկայացմամբ՝ արտահերթ ժողովը հրավիրվել էր 29 անդամների գրավոր պահանջով։

Փոփոխությունների հիմնավորման համաձայն՝ հայերենի իմացության և Հայաստանում մշտական բնակության պահանջները կարող էին սահմանափակել համապատասխան մասնագիտական փորձ ունեցող թեկնածուների առաջադրման հնարավորությունը։

Միաժամանակ պահպանվել են Հայաստանի քաղաքացիության և առնվազն 25 տարեկան լինելու պահանջները։

Ավելի վաղ Հայկական առաջին ճակատ/First Armenian Front(FAF) շարժումը բաց նամակով պահանջել էր պահպանել ՀՖՖ նախագահի թեկնածուի համար հայերենի իմացության պարտադիր պայմանը։ Նրանց համոզմամբ՝ հայերենի իմացությունը ձևական պահանջ չէ։ Ֆեդերացիայի ղեկավարը պետք է կարողանա անմիջականորեն հաղորդակցվել մարզիչների, ֆուտբոլիստների, ակումբների և երկրպագուների հետ։ Ընդգծվում էր, որ մայրենի լեզվին տիրապետելը չի կարող շահարկման առարկա լինել՝ ո՛չ ֆուտբոլում, ո՛չ էլ որևէ այլ ոլորտում։

Հավելանք, որ դեկտեմբերին նախատեսված են ՀՖՖ նախագահի ընտրություններ։

Leave a comment