Այսօր վաղ առավոտից խուզարկություններ են սկսվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի, կուսակցության համակարգող Նարեկ Կարապետյանի, ինչպես նաև Կարապետյանների հետ փոխկապակցված տասնյակ ձեռնարկություններում, «Ուժեղ Հայաստանի» գրասենյակում
«Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ՝ խուզարկություններն իրականացվում են քաղաքական հետապնդման շրջանակում։
«Հետևելով վերջին օրերի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ կարելի է ասել, որ խոսքը Փաշինյանի՝ ընդդիմությանը խոստացած առաջարկի մասին է։ Այսօր փաստացի տեսնում ենք այդ առաջարկի դրսևորումները։ ՀՀ-ում Ալիևի սահմանադրություն չի ընդունվելու, մենք ասելու ենք՝ ոչ Ալիևի սահմանադրությանը։ Մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանն ասաց, չէ՞, որ առաջարկով է հանդես գալու։ Դրա դրսևորումները հիմա տեսնում ենք»,- ասաց Աբրահամյանը։
Աբրահամյանը նշեց, որ խուզարկություններ են ընթանում նաև Կարապետյանների հետ փոխկապակցված ձեռնարկություններում։ Նրա խոսքով՝ ավելի ուշ այդ մասին հայտարարությամբ հանդես կգան փաստաբանները։
«Նիկոլ Փաշինյանը, հենց վտանգ է տեսնում իր ծրագրերի իրականացման առումով, դիմում է այս մեթոդին։ Նույն ձեռագիրն է»,- ասաց նա։
Ի դեպ, Նարեկ Կարապետյանի տանը սկսված խուզարկությունը քիչ առաջ ավարտվեց: Այս մասին լրագրողներին ասաց Կարեն Կարապետյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: