Պետք էր COP17-ի շրջանակում միջազգային հանրությանը ներկայացվեր՝ ընդդիմադիր ուժերի առաջնորդները բանտում են. Մելիքյան

«Ռեժիմն ինչո՞ւ է իրականացնում այս քաղաքական հետապնդումները։ Առաջին հերթին, նրանց հիմնական ուղերձը քաղաքական հետապնդումների ենթարկվողներին հետևյալն է՝ ժողովուրդ, եկեք համագործակցենք կամ լուռ նստեք ձեր տեղերում։ Մենք տեսնում ենք, որ որոշ դեպքերում այդ հաշվարկը հաջողվում է։ Գորիսի քաղաքապետի օրինակը բոլորիս աչքի առաջ է՝ նրա նախկին խոսքն ու վարքագիծը իշխող ռեժիմի նկատմամբ և այսօրվա վարքագիծը»,- այսօր «Այլընտրանքային նախագծեր» խմբի կազմակերպած՝ «Կալանավորված Հայաստան» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Ըստ նրա՝ իշխանությունների կողմից իրականացվող քաղաքական հետապնդումները նաև ուղերձ են հանրությանը։

«Մի՛ օգտվեք ձեր իրավունքներից, հրաժարվե՛ք ձեր պատվից ու արժանապատվությունից, զբաղվե՛ք ձեր առօրյա հոգսերով, ակտիվ մի՛ եղեք։ Ձեզ համար զվարճանքներ ենք ապահովում, ինչ-որ տեղ մարդկանց դարձնում ենք մոլագար։ Հրաժարվե՛ք ձեր ինքնությունից, ամեն ինչից հրաժարվե՛ք, հաց կերե՛ք, երեկոյան համերգ լսե՛ք ու հեռացե՛ք այս աշխարհից։

Սա նաև ուղերձ է մեր քաղաքական համակարգին՝ մենք հարցեր ենք բարձրացնելու, հանկարծ չփորձեք նորմալ հակադարձել։ Ինչպես նաև ուղերձ է միջազգային հանրությանը՝ այս բոլոր մարդիկ կապված են Ռուսաստանի հետ, նրանց հետապնդելով՝ օգնում ենք պայքարել Ռուսաստանի դեմ։ Ես չեմ տեսնում ընդդիմության կողմից այս չորս թիրախների ամբողջական գիտակցումն ու դրանց համապատասխան արձագանքը»,- նշեց Մելիքյանը։

Իրավապաշտպանը նկատեց, որ COP17-ի շրջանակներում պետք է պիկետներ և ակցիաներ իրականացվեին, սակայն դրանք տեղի չունեցան։

«Այդ մարդիկ տեսա՞ն, որ ՀՀ ընդդիմադիր չորս ուժերի առաջնորդները բանտում են։ Իմացա՞ն այդ մարդիկ։ Արդյոք որևէ մեկը նրանց հասցրե՞ց այդ ուղերձը։ Չեղա՞վ, չէ՞։ Մենք դա չտեսանք, բայց պետք է տեսնեինք։

Իսկ եղա՞վ քաղբանտարկյալների հաշվառում։ Մենք ենք մեղավոր, որ այդ հաշվառումը չի իրականացվել։ Այդ հաշվառման հիմքում պետք է չափանիշներ դրվեն։ Պետք է հայտարարություն լինի՝ քաղաքացինե՛ր, եթե ձեզ աշխատանքից ազատել են քաղաքական հայացքների պատճառով, ինչը պակաս քաղաքական հետապնդում չէ, դիմե՛ք մեզ, մենք կհաշվառենք և կգնահատենք՝ դա քաղաքական պատճառներով է, թե ոչ»,- ասաց Ռուբեն Մելիքյանը։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment