«Մի քաղաքական ուժ, որը իշխանության եկավ՝ շահարկելով մարդու հիմնարար իրավունքները, այսօր մեզ հանգեցրել է մի իրավիճակի, երբ ստիպված ենք պայքարել մեր պետության հիմնարար ինստիտուտների բնականոն գործունեության և մեր ինքնության համար։ Բնական է, որ այս գործընթացը չէր կարող չուղեկցվել հարյուրավոր քաղբանտարկյալների առկայությամբ, ինչը և այսօր ունենք»,- այսօր «Այլընտրանքային նախագծեր» խմբի կազմակերպած՝ «Կալանավորված Հայաստան» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանում կալանքը դարձել է պատժիչ մահակ՝ ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների նկատմամբ։
«Բոլոր քաղբանտարկյալների նկատմամբ կիրառվել է կալանքը։ Այս ամենի արդյունքում ինստիտուցիոնալ առումով տուժում է մեր արդարադատությունը՝ իր բոլոր կառույցներով։ Նիկոլ Փաշինյանը դեռևս 2023 թվականին Ազգային ժողովում հայտարարեց, որ ինքն արդեն նշանակել է դատավորների 65 տոկոսին, և, ըստ էության, դատական իշխանությունը նորացված է։ Բայց նույն Նիկոլ Փաշինյանն այս տարի կրկին Ազգային ժողովում հայտարարում էր, որ լրջագույն խնդիրներ ունեն դատական իշխանության հետ՝ ըստ էության սպառնալիքի երանգներ հղելով դատական իշխանությանը։
Այսօր այն դատավորները, որոնք իրենց թույլ են տալիս ճոխություն՝ հավատարիմ մնալու օրենքին, սեփական խղճին ու համոզմունքին, բախվում են լրջագույն հետևանքների․ մտացածին կարգապահական մեխանիզմներով այդ դատավորների լիազորությունները դադարեցվում են։ Ունենք օրինակներ, երբ նրանք հետագայում վերականգնում են իրենց լիազորությունները»,- նշեց Մելոյանը։
Մելոյանի խոսքով՝ Հայաստանում առկա են զանգովի, ընտրովի, WhatsApp-ային և խմբագրային արդարադատության օրինակներ։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: