Բուլղարիայի գործող նախագահ Իլյանա Յոտովան հաղթել է Բուլղարիայի նախագահական ընտրություններում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտել է քվեների հաշվարկը։
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Բուլղարիայում անցկացվել է նոյեմբերի1-ին, երկրի քաղաքացիներն ընտրել են առաջին փուլում առավելագույն թվով ձայներ հավաքած երկու թեկնածուներից մեկին: Պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարում էին գործող նախագահ Իլյանա Յոտովան և վարչապետի նախկին պաշտոնակատար Անդրեյ Գյուրովը:
Բուլղարիայի ԿԸՀ կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ Յոտովային կողմ է քվեարկել ընտրողների 57,57%-ը, իսկ Գյուրովին՝ 39,48%-ը:
Ավելի վաղ «Novinite» գործակալությունը հայտնել էր, որ Յոտովայի մրցակից Գյուրովն ընդունել է իր պարտությունը։
Բուլղարիայի նախագահն ընտրվում է հինգ տարի ժամկետով և իրականացնում է առավելապես ներկայացուցչական գործառույթներ, սակայն ունի օրենքների նկատմամբ վետոյի իրավունք, սահմանադրությամբ նախատեսված դեպքերում նշանակում է տեխնիկական կառավարություն և զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է։
Նախկին լրագրող և Սոցիալ-դեմոկրատների խմբակցությունից Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր Յոտովան համարվում է Ռուսաստանի նկատմամբ առավել բարյացակամ դիրքորոշման կողմնակից: Նախընտրական քարոզարշավի ավարտական փուլում՝ 2026 թվականի հոկտեմբերի վերջին, բուլղարական «Nova News» հեռուստաալիքին տված հարցազրույցում և «Financial Times» թերթի նյութերում նա հանդես էր եկել Ռուսաստանի հետ բանակցությունների օգտին։