Բելգիայի վարչապետ Բարտ Դե Վևերը երկուշաբթի հրաժարական է ներկայացրել՝ երկարատև բյուջետային ճգնաժամի սրման ֆոնին։ Սակայն թագավոր Ֆիլիպը դեռևս որոշում չի կայացրել՝ ընդունե՞լ այն, թե՞ ոչ, գրում է AP-ը։
Պահպանողական ֆլամանդացի ազգայնական Դե Վևերը պաշտոնը ստանձնել էր՝ նպատակ ունենալով լուծել մեծ պարտք ունեցող Բելգիայի բյուջետային խնդիրները, սակայն չէր կարողացել իր առաջարկների շուրջ ստանալ հնգակուսակցական կառավարական կոալիցիայի մյուս անդամների աջակցությունը։
Բելգիայի թագավորական պալատը հաստատել է, որ Դե Վևերը հրաժարական է ներկայացրել՝ «կառավարության ներսում բյուջետային բանակցությունների ձախողումից հետո»։ Ազգային կառավարությունների ձևավորման գործընթացը վերահսկող թագավորը դեռևս «հետաձգում է իր որոշումը»՝ հրաժարականն ընդունելու վերաբերյալ։
«Թագավորը ցավում է, որ համաձայնություն չի ձեռք բերվել այնպիսի արժանահավատ բյուջեի շուրջ, որը թույլ կտար երկրին դիմակայել ներկայիս մարտահրավերներին»,- ասվում է թագավորական պալատի հայտարարության մեջ։
Թագավոր Ֆիլիպը մտադիր է երեքշաբթի օրվանից խորհրդակցություններ անցկացնել խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ, իսկ ուրբաթ կրկին ընդունել Դե Վևերին թագավորական պալատում։
Դե Վևերը, որը պաշտոնը ստանձնել է 2025 թվականի փետրվարին, այժմ փորձում է մինչև դեկտեմբերի 31-ը համաձայնության հասնել 2027 թվականի պետական բյուջեի շուրջ։
Բելգիան Եվրամիության անդամ 27 երկրների շարքում ամենամեծ պետական պարտք ունեցող երկրներից է՝ Ֆրանսիայի և Իտալիայի հետ միասին։ Երկրի պարտքային բեռը տարիներ շարունակ աճել է, սակայն COVID-19 համավարակն ու էներգետիկ ճգնաժամն ավելի են բարդացրել իրավիճակը։
Եվրահանձնաժողովի կանխատեսմամբ՝ այս տարի Բելգիայի պետական պարտքը կհասնի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 110 տոկոսին։ Պարտքի սպասարկման համար կուտակվող տոկոսավճարները նույնպես լուրջ մարտահրավեր են կառավարության համար, հատկապես այն պայմաններում, երբ այն մտադիր է ավելացնել պաշտպանական ծախսերը։Կառավարական ճգնաժամը տեղի է ունենում երկրում ուսանողական բողոքի ակցիաների աճի և հաճախակի գործադուլների ֆոնին, այդ թվում՝ արհմիությունների կողմից կազմակերպված մի քանի «ազգային գործողությունների օրերի»։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի