Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել

Քաղաքականություն

02.11.2026 | 21:47

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը չի հանձնվի ԱՄՆ-ի կողմից պատերազմի սպառնալիքների առաջ՝ միաժամանակ ընդգծելով հասարակության դիմակայունությունն ամրապնդելու անհրաժեշտությունը, գրում է Al Jazeera-ն։

Պետական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Փեզեշքիանն ասել է, որ երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Մոջթաբա Խամենեին խաղաղության բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տրամադրել։ Նա ասել է, որ Թեհրանը «կփորձի երկխոսության միջոցով լուծել խնդիրը», սակայն մանրամասներ չի ներկայացրել։

IRNA գործակալության փոխանցմամբ՝ խոշոր քաղաքների նահանգապետերի և քաղաքապետերի հետ հանդիպման ժամանակ Փեզեշքիանն ասել է, որ Իրանը հաստատակամորեն կդիմակայի թշնամիների, իր բնորոշմամբ, «ստերին և չափազանցություններին»։

«Մենք պետք է հաղթահարենք այն մարտահրավերներն ու ճգնաժամերը, որոնք այսօր թշնամիները ստեղծել են մեր երկրի համար՝ ժողովրդի աջակցության և համագործակցության շնորհիվ»,- հայտարարել է նա։

Հաղորդվում է նաև, որ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար, գեներալ-մայոր Ռեզային հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելով տարածաշրջանային և միջազգային զարգացումները։ Զրուցակիցները հատուկ ուշադրություն են դարձրել Արևմտյան Ասիայում տիրող իրավիճակին։

Կողմերն ընդգծել են Թեհրանի և Մոսկվայի միջև ռազմավարական համագործակցությունը շարունակելու հանձնառությունը՝ երկու երկրների ղեկավարների համաձայնեցրած ճանապարհային քարտեզի հիման վրա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment