Եղե՞լ են կոռուպցիոն դրսևորման դեպքեր, թե՞ ոչ. ՔՊ-ի թեկնածուն «խուսափեց պատասխանել»

Ազգային ժողովում Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում ՔՊ կողմից առաջադրված Կարեն Առուստամյանի թեկնածության քննարկմանը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանը հստակ հարց ուղղեց թեկնածուին, սակայն այդպես էլ հստակ որևէ պատասխան չստացավ։

Ֆարմանյանն ասաց. «2005 թվականից  աշխատել եք պետական աուդիտի համակարգում, ձեր  գործունեության շրջանակում առնչվել եք  տարբեր պետական գերատեսչությունների ֆիանսների հետ։

Հստակ պատասխան են ուզում հարցիս՝  մինչև 2018 թվականը կոռուպցիոն դրսևորման դեպքեր եղե՞լ են, թե՞ ոչ.

Ա. Aյո, եղել են

Բ. Ոչ, չեն եղել

Գ. Եղել են, բայց ինձ ասել են այդ թեման մոռացի»։ Կարեն Առուստամյանն ասաց, որ ինքը կընտրի տարբերակ «դ»-ն՝ իր պատասխանը. «Պատգամավորի և Հաշվեքննիչ պալատի վերաբերյալ օրենսդրությունը սահմանել է  բացարձակապես այդ առումով տարբեր ընթացակարգեր և սահմանափակումներ։  Ես քաղաքական գնահատականներին չեմ անդրադառնալու, արգելված է  Սահմանադրությամբ քաղաքական որևէ գնահատական տալը, զսպվածություն պետք է ցուցաբերեմ։

Հաշվեքննիչ պալատն իրավապահ մարմին չէ, հաշվեքննություն իրականացնող մարմին է,  ունի իր հստակ  գործիքակամզը, իրավական գնահատականներ չի տալիս»։ 

Հայկ Ֆարմանյանն արձագանքեց. «Հայոց լեզուն հարուստ լեզու է, կա «աներկբա» բառը։ Ակնկալում եմ աներկբա պատասխան՝ այո, եղել են կոռուպցիոն դրսևորումներ կամ չեն եղել։ Ես ինքս էլ ասացի, որ չեմ ակնկալում քաղաքական պատասխան։

Եթե դուք տարբերակ «դ»-ն եք առաջարկում, ենթադրում եմ՝ ուղղակի խուսափում եք պատասխանից»։ 

Leave a comment