Արտահերթ ընտրությունների թեման շրջանառության մեջ դնելով՝ Նիկոլ Փ․-ն ոչ միայն ու ոչ այնքան շանտաժ է անում ընդդիմությանը, որքան մեսիջ է ուղարկում դրսին. Անդրանիկ Թևանյան

Քաղաքացի Նիկոլ Փ․-ն հայտարարել է, որ եթե իրեն չհաջողվի սահմանադրական փոփոխությունների հարցում համաձայնության գալ խորհրդարանական ընդդիմության հետ, ապա չի բացառվում, որ տեղի ունենան Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ։

Արտահերթ ընտրությունների թեման շրջանառության մեջ դնելով՝ Նիկոլ Փ․-ն ոչ միայն ու ոչ այնքան շանտաժ է անում ընդդիմությանը, որքան մեսիջ է ուղարկում դրսին՝ Ադրբեջանին, Թուրքիային, ԵՄ-ին ու մասամբ ԱՄՆ-ին։ Վերջիններին նա բազմաթիվ խոստումներ է տվել Հայաստանի հաշվին ու հանուն իշխանության վերարտադրության։

Ինչպես հայտնի է, պարտքը հատուցում է պահանջում։ Աննախադեպ ընտրակեղծիքներով և դրսի աջակցությամբ վարչապետի աթոռը պահած Նիկոլ Փ․-ն պարտք է իր աջակիցներին։ Նրանք հիմա շտապեցնում են Նիկոլ Փ․-ին վճարել ստացած իշխանության դիմաց։ Մեկը պահանջում է Ռուսաստանի դեմ Հայաստանը մանրադրամ դարձնելու շարունակական քաղաքականություն, մյուսը՝ TRIPP, երրորդը՝ Ադրբեջանի առաջ քաշած նախապայմանների իրականացում, իսկ Ադրբեջանը՝ ամեն ինչ։

Նիկոլ Փ․-ն հիմա ծանր դրության մեջ է։ Նա վախենում է, որ եթե իր խոստումները սկսի ինտենսիվորեն կյանքի կոչել, ապա ցնցումներ կլինեն, ու իր աթոռը կհայտնվի վտանգի տակ։

Եվ ահա նա դիմում է դրսին՝ հայտարարելով, որ կհեռանա․ ըստ այդմ՝ նա աղաչում է դրսի իր հովանավորներին չշտապեցնել իրեն, քանզի դա կբերի ներքաղաքական հետևանքների։

Քաղաքացի Նիկոլ Փ․-ն, իր առաքելությունն ավարտելու և հեռանալու մասին խոսելով, նաև փող է պահանջում դրսից, մասնավորապես՝ ԵՄ-ից։ Նա, ըստ էության, հայտարարում է, որ ԵԱՏՄ-ի հետ հակադրվելը կատաստրոֆիկ տնտեսական հետևանքներ է առաջացրել և առաջացնելու, ուստի անհրաժեշտ է ֆինանսական փոխհատուցում, որպեսզի սպասարկվի հակահայկական, հակառուսական արկածախնդրությունը և մեղմվի սոցիալական սուր լարվածությունը։

Սակայն Բրյուսելը Նիկոլ Փ․-ի արցունքներին չի հավատում։ Բացի այդ՝ հավատալու ժամանակ ու հնարավորություն չունի, քանզի զբաղված է Զելենսկու արցունքներով։ Նիկոլ Փ․-ի արցունքներին չեն հավատում նաև Բաքվում և Անկարայում։

Նրանք հիշեցնում են, որ այլ տիպի աջակցության պայմանավորվածություն չի եղել, իրենք պայմանավորվել են աջակցել իշխանության վերարտադրությանը, և վերջ։ Մնացածը Նիկոլ Փ․-ի անելիքն է։ Նա էլ ստիպված հայտարարում է, որ կհեռանա, այսինքն՝ խորամանկորեն փորձում է արևելյան բազարի վերածել իր պայմանավորվածությունները՝ Հայաստանը դարձնելով աշխարհաքաղաքական հակադրությունների թատերաբեմ։

Սա է «արտահերթի» թեմայի բուն ենթատեքստը։ Մնացածը բլեֆ է և էժանագին մանիպուլյացիա։

Անդրանիկ ԹԵՎԱՆՅԱՆ
«Երևան-Կենտրոն» ՔԿՀ, 24.10.2026թ.

Ծանուցում. Անդրանիկ Թևանյանի էջը վարում են իր թիմակիցները

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment