Գորիս անվճար ուղևորափոխադրումները զուգակցվել են քաղաքական քարոզչության հետ․ «Ականատեսը» ահազանգում է

Գորիս անվճար ուղևորափոխադրումները զուգակցվել են քաղաքական քարոզչության հետ․ «Ականատեսը» ահազանգում է

«Ականատես» դիտորդական առաքելությունը ահազանգ է ստացել, որ հոկտեմբերի 23-ից Երևան–Գորիս թիվ 607 երթուղով Գորիսի բնակիչների համար անվճար ուղևորափոխադրումներ են իրականացվում՝ հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին ընդառաջ։
Առաքելությունը հոկտեմբերի 24-ին ստացել է առաջին ահազանգը, իսկ հոկտեմբերի 25-ին՝ լրացուցիչ տեղեկություններ և դրանք հիմնավորող նյութեր։

Ըստ ստացված տեղեկությունների՝ «Սասունցի Դավիթ» կայարանում գտնվող դրամարկղում ուղևորներից ճշտում են՝ արդյոք նրանք Գորիսի բնակիչ են։ Դրական պատասխանի դեպքում նրանց հայտնում են, որ ուղևորության համար տոմս գնելու անհրաժեշտություն չկա։
Ահազանգի համաձայն՝ անվճար ուղևորափոխադրումներն ուղեկցվում են նաև քարոզչական բուկլետների տրամադրմամբ։ Դրանք պարունակում են ընտրություններին մասնակցող «Համերաշխություն» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Առուշ Առուշանյանի պատկերը, ինչպես նաև դաշինքի անվանումն ու համարը։

«Ականատեսը» խիստ մտահոգիչ է համարում ստացված տեղեկությունները՝ նշելով, որ եթե դրանք հաստատվեն, ապա անվճար ուղևորափոխադրումների զուգակցումը քաղաքական քարոզչության հետ կարող է պարունակել ընտրությունների ընթացքում բարեգործության արգելքի խախտման հատկանիշներ։

ՀՀ ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 6-րդ մասով նախընտրական քարոզչության ընթացքում, ինչպես նաև քվեարկության նախորդ և քվեարկության օրը թեկնածուներին ու ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին արգելվում է ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով ծառայություններ մատուցել, այդ թվում՝ բարեգործությունն ուղեկցել նախընտրական քարոզչությամբ։

«Ականատես» դիտորդական առաքելությունը ՀՀ գլխավոր դատախազությանը, Հակակոռուպցիոն կոմիտեին և ՆԳՆ ոստիկանությանը կոչ է արել անհապաղ ստուգել ներկայացված տեղեկությունները, տալ դրանց իրավական գնահատական և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ հնարավոր ընտրախախտումները կանխելու և դրանց շարունակությունը բացառելու համար։

Leave a comment