Հայաստանի 21 համայնքներում այսօր ՏԻՄ ընտրություններ են․ ի՞նչ պետք է իմանալ
Հոկտեմբերի 25-ին Հայաստանի բոլոր 10 մարզերի 21 համայնքներում անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։
Ընտրությունները՝ թվերով
477 721 ընտրող՝ ըստ ՆԳՆ հոկտեմբերի 21-ի տվյալների։
517 ընտրատեղամաս, որոնք բացվել են ժամը 08։00-ին և կփակվեն 20։00-ին։
19 համայնքում ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով․ քաղաքացիներն ընտրում են ավագանի՝ քվեարկելով կուսակցությունների կամ դաշինքների օգտին։
2 համայնքում՝ Ֆիոլետովոյում և Շամիրամում, ընտրություններն անցկացվում են մեծամասնական ընտրակարգով։ Քաղաքացիներն առանձին ընտրում են համայնքի ղեկավարին և ավագանու անդամներին։
45 ընտրական ցուցակ է գրանցված համամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացնող համայնքներում՝ 13 կուսակցության և 4 դաշինքի կողմից։
5 համայնքում՝ Արմավիրում, Վարդենիսում, Գառնիում, Ախուրյանում և Վայքում, ընտրություններին մասնակցում է միայն մեկ քաղաքական ուժ։ Այստեղ ընտրողները կարող են քվեարկել նաև «դեմ»։
6 դիտորդական առաքելություն և 28 լրատվամիջոց հավատարմագրվել են ընտրություններին հետևելու և դրանք լուսաբանելու համար։
Ամենաշատ ընտրողներն Արտաշատում են՝ 69 175, իսկ ամենաքիչը՝ Շամիրամում՝ 303։
«Փաստերի ստուգման հարթակը» շարունակում է հետևել ընտրական գործընթացին՝ ուշադրության կենտրոնում պահելով քաղաքական ուժերի հայտարարությունները, շրջանառվող տեղեկություններն ու հնարավոր մանիպուլյացիաները։