«Պահանջում ենք հրապարակել միջամտած դեսպանատների անունները, ներկայացված մեղադրանքների փաստական հիմքերը և անհապաղ վերանայել համույթների մասնակցությունը չեղարկելու որոշումը». Արցախի Հանրային խորհուրդ

Արցախի Հանրապետության Հանրային խորհուրդը խստորեն դատապարտում է նոյեմբերին Վիեննայում նախատեսված միջազգային փառատոնին Արցախի ազգային նվագարանների պետական նվագախմբի և «Մենք ենք մեր սարերը» երգի-պարի պետական համույթի մասնակցության չեղարկումը։

«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ի հրապարակած նամակագրության համաձայն՝ Համաշխարհային փառատոնների ասոցիացիայի (WOFA) նախագահը հայտնել է, որ մի քանի դեսպանատներ միջամտել են՝ արցախյան համույթներին մեղադրելով «անջատողական գործունեության» մեջ և ներկայացնելով որպես «վտանգավոր»։

Սա անթույլատրելի է։ Որևէ պետություն կամ դիվանագիտական ներկայացուցչություն իրավունք չունի արցախցիների մշակութային ինքնության պահպանումը ներկայացնել որպես վտանգ կամ անջատողականություն։

2023 թվականին Ադրբեջանի իրականացրած իննամսյա շրջափակումից և դրան հաջորդած զինված հարձակումից հետո ցեղասպանական քաղաքականության հետևանքով արցախահայությունը հարկադրված եղավ լքել իր բնիկ հայրենիքը՝ Արցախը։

Այսօր, մի կողմից, Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել, վնասել և յուրացնել Արցախի հայկական պատմամշակութային ժառանգությունը՝ միջազգային կառույցների աչքի առաջ։ Մյուս կողմից՝ Եվրոպայում արցախցի արվեստագետները խոչընդոտների են բախվում իրենց երգը, պարը և մշակույթն աշխարհին ներկայացնելու ճանապարհին։

Այս միջադեպը նաև ժողովրդավարական արժեքների նահանջի մտահոգիչ ցուցիչ է։ Երբ Եվրոպայում մշակութային արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել քաղաքական մեղադրանքների և ենթադրյալ դիվանագիտական ճնշումների հետևանքով, հարցականի տակ է դրվում մարդու իրավունքների և ժողովրդավարության հիմնարար սկզբունքների նկատմամբ իրական հավատարմությունը։ Ժողովրդավարությունը չափվում է ոչ թե հռչակագրերով, այլ հատկապես խոցելի ժողովուրդների իրավունքները պաշտպանելու պատրաստակամությամբ։

Հատկապես անընդունելի է, որ սա տեղի է ունենում այն օրերին, երբ Հայաստանը հյուրընկալում է COP17 միջազգային համաժողովը, որի օրակարգում կարևոր տեղ ունեն բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների իրավունքները, մինչդեռ արցախահայության մշակութային իրավունքները շարունակում են անտեսվել։

Պահանջում ենք հրապարակել միջամտած դեսպանատների անունները, ներկայացված մեղադրանքների փաստական հիմքերը և անհապաղ վերանայել համույթների մասնակցությունը չեղարկելու որոշումը։

Այս կապակցությամբ Արցախի Հանրապետության Հանրային խորհուրդը դիմելու է ՀՀ և Ավստրիայի արտաքին գործերի նախարարություններին, ՅՈՒՆԵՍԿՕ-ին, ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության համապատասխան մարմիններին, Եվրոպայի խորհրդին, ԵԱՀԿ-ին և Ավստրիայի իրավասու կառույցներին՝ պահանջելով միջադեպի ամբողջական պարզաբանում և արցախցի արվեստագետների իրավունքների պաշտպանություն։

Արցախի մշակույթի պահպանումը անջատողականություն չէ։ Արցախահայության մշակութային ինքնությունը չի կարող դառնալ դիվանագիտական ճնշումների և քաղաքական սակարկությունների առարկա։

 

Արցախի Հանրապետության Հանրային խորհուրդ

Leave a comment