«Անցյալ կատարյալը» գիրքը, ինչպես Միլենա Խաչիկյանն է ասում, իր ստեղծագործական ամբողջ ճանապարհի ամփոփումն է։ Տարիների ընթացքում գրված բանաստեղծությունները, զգացողությունները, կորուստները, որոնումները, սերն ու երախտագիտությունը մի օր հավաքվել են մի ամբողջության մեջ։ Եվ այդ ամբողջությունն ունի մի անուն, որը լատիներենից փոխակերպվում է այսպես՝ «Փշերի միջով դեպի աստղեր»։
Գրքի շնորհանդեսն էլ կարծես հենց այդ ճանապարհի մի փոքրիկ կանգառն էր։ Մի տեղ, որտեղ հեղինակը ոչ միայն իր գիրքն էր ներկայացնում, այլեւ հետ էր նայում այն տարիներին, որոնց միջով անցել է՝ որպես մարդ, լրագրող եւ ստեղծագործող։
Գիրքը երեք գլուխ ունի՝ «Փշերի միջով», «Ճանապարհ» եւ «Դեպի աստղեր»։
Առաջինում՝ դժվար ժամանակներն են։ Անձնական ու անանձնական կորուստները, այն ապրումները, որոնք երբեմն մեկ մարդու պատմությունից դուրս են գալիս ու դառնում շատերի պատմությունը։ 2020 թվականի 44-օրյա պատերազմը, քովիդյան համաճարակը եւ դրանց թողած հետքերը։
Երկրորդը՝ «Ճանապարհը», պատանեկան տարիների մասին է։ Որոնումների, սիրահարությունների, ինքնավերլուծությունների տարիների։ Այն ժամանակի, երբ մարդը դեռ փորձում է հասկանալ աշխարհը, բայց միաժամանակ նաեւ՝ ինքն իրեն։
Իսկ երրորդը՝ «Դեպի աստղեր», արդեն լուսավորության մասին է։ Սիրո, երջանկության եւ երախտագիտության։
Այս երեք գլուխները միավորող գաղափարը, սակայն, միայն դժվարությունից դեպի լույս գնալը չէ։ Միլենա Խաչիկյանի համար այդ ճանապարհի ամենակարեւոր պայմաններից մեկը չչարանալն է։
«Կյանքում անշուշտ միայն լավը չէ, որ մեզ պատահում է»,- ասում է Միլենան՝ նկատելով, որ հենց դժվարությունների ու փորձությունների միջով անցնելիս ենք հաճախ հղկվում, ձեւավորվում ու կայանում։
Բայց փորձությունը մարդու ներսում չպետք է չարություն թողնի՝ ոչ աշխարհի, ոչ կյանքի, ոչ մարդկանց հանդեպ։ Միլենայի համոզմամբ՝ չարացած սիրտը սկսում է արարել չարը եւ այլեւս չի տեսնում բարին։ Իսկ դրա փոխարեն առաջարկը պարզ է՝ շարունակել գործել բարին, անել լավը, շատացնել բարին մեր ներսում եւ լցվել երախտագիտությամբ։
Գուցե հենց այդ պատճառով է երախտագիտությունը նրա համար «անփոխարինելի զգացողություն»։ Այն, Միլենայի խոսքով, մարդու ներսում տեղ է բացում սիրո համար՝ կարծես մաքրազերծելով վիրավոր ներսը եւ այնտեղ ազատ դաշտ թողնելով սիրո համար։
Միլենա Խաչիկյանի ստեղծագործական ճանապարհը սկսվել է դեռ 2012-ին՝ «Թիվի Ալիք» շաբաթաթերթի երիտասարդական հանդեսում։
Նա մինչեւ հիմա հիշում է իր առաջին օրը խմբագրությունում․ ձեռքին՝ տպագրական կանաչ տետր, որի մեջ մի քանի բանաստեղծություն էր հավաքել եւ բերել խմբագիր Սերգեյ Հարությունյանին։ Բանաստեղծությունները, իհարկե, այդ տետրում էլ մնացին։ Դեռ անմշակ էին, պիտի հասունանային՝ թերթում տպագրվելու համար։ Բայց այդ առաջին քայլն, այնուամենայնիվ, դարձավ ճանապարհի սկիզբ։
Հետո եղան շաբաթական հանդիպումները, գրելը, նորից գրելը, սեփական գրիչը հղկելը։ Եվ տարիների ընթացքում ձեւավորվեց այն ձեռագիրը, որն այսօր արդեն մեկ գրքի մեջ է։
Միլենան այդ տարիների համար շնորհակալ է «Թիվի Ալիքին», խմբագիր Սերգեյ Հարությունյանին եւ, ընդհանրապես, այն ճանապարհին, որն իրեն բերեց մինչեւ այսօրվա օրը։
Միլենա Խաչիկյանն ավարտել է Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը, ապա՝ Հայ-ռուսական համալսարանի Իրավունքի եւ քաղաքականության ինստիտուտի «Քրեական իրավունք եւ քրեական դատավարություն» մագիստրատուրան։
Լրագրության մեջ նա տարիներ շարունակ լուսաբանել է դատաիրավական, սոցիալական, մարդու իրավունքների ոլորտները։ Աշխատել է «Փաստինֆո» լրատվական գործակալությունում, «Հայկական ժամանակ» օրաթերթում, ապա՝ «Ինֆոքոմում»՝ որպես փաստերի ստուգման եւ իրավական լրագրող։ Թղթակցել է նաեւ «Թիվի Ալիք» շաբաթաթերթին, որտեղ վարել է դիմանկարային հարցազրույցների շարք։
Այս ճանապարհի ընթացքում եղել են նաեւ լրագրողական մրցանակներ։
Բայց գրքի էջերում լրագրող Միլենային փոխարինում է մեկ ուրիշ Միլենա՝ ավելի անձնական, ավելի բաց, երբեմն խոցելի, բայց նաեւ՝ ավելի լուսավոր։
Շնորհանդեսի ընթացքում գրքի երկու բանաստեղծություն հնչեցին նաեւ երգի տեսքով՝ Աննա Սահակյանի եւ Ռուզաննա Հովհաննիսյանի կատարմամբ։
Երգի վերածված «Ձնծաղիկը» Միլենայի համար նաեւ հիշողություն էր։ Այդ բանաստեղծությամբ նա դեռ 2016 թվականին մասնակցել էր «Շանթ» հեռուստաընկերության «Պրեմիերա» նախագծին։ Երաժշտության հեղինակը Հասմիկ Բարսեղյանն է։ Տարիներ անց պարզվել է, որ երգը մնացել էր նաեւ ուրիշների հիշողության մեջ։
Իսկ «Հրաժեշտը» այլ պատմություն ունի․ այն երբեւէ հանրության առաջ չէր հնչել։ Բանաստեղծությունը գրվել էր ուսանողական տարիներին եւ հետագայում վերածվել երգի։ Երաժշտության հեղինակը Միլենայի կուրսընկեր Սուրեն Ասրյանն է։
«Իրականում շատ հետաքրքիր փորձառություն է քո իսկ բանաստեղծությունը երգի վերածելը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասում է Միլենան՝ հավելելով, որ երգը հնարավորություն է տալիս մի փոքր հեռանալ սեփական գրածից, կողքից նայել դրան, նորովի զգալ ու ապրել այն։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: