Սկիզբը՝ այստեղ:
Մաս 11
«Փաստինֆոն» շարունակում է «Արդարադատություն ըստ Ադրբեջանի» խորագրով հրապարակումների շարքը՝ վերլուծելով Ռուբեն Վարդանյանի գործով մեղադրական եզրակացությունն ու դատավճիռը: Մասնագիտական վերլուծության համար ներգրավել ենք միջազգային իրավունքի մասնագետ, ELL PARTNERSHIP իրավաբանական ընկերության հիմնադիր գործընկեր Տարոն Սիմոնյանին:
Այսօր վերլուծում ենք «Ահաբեկչություն և դրա ֆինանսավորում» խմբի մեղադրանքները.
V. ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ և ԴՐԱ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ
Հոդված 214.2.1, .3, .4 — Ահաբեկչություն՝ խմբով կամ հանցավոր միավորման կողմից, հրազենի կիրառմամբ, անզգուշությամբ մահ պատճառելով
Վերագրվող արարք. 308 ահաբեկչական դրվագ (1988–2023), 449 սպանված. 285 ականային պայթյուն (1990–2024)։
Մեղադրանքի հիմքում դրված ապացույցներ. 308 դրվագներից ոչ մեկում Ռուբեն Վարդանյանի մասնակցությունը հաստատող ապացույց չկա։ Ներկայացված են դրվագների ընդհանուր ցանկը, ականազերծման գործակալության տվյալները և Ստեփանակերտի գրասենյակի խուզարկության արձանագրությունը (03.10.2023)։ Խուզարկության արդյունքների և 35 տարվա 308 դրվագների միջև որևէ կապ չի ներկայացվում։
Սահմանված պատիժ. Դատավճռով նշանակված է 20 տարի ազատազրկում՝ մեկ ընդհանուր պատիժ երեք ենթակետի համար։
Տարոն Սիմոնյանի վերլուծությունը. Ահաբեկչությունը կոնկրետ արարք է՝ կոնկրետ նպատակով։ Դատարանի թվարկած 308 «դրվագը» 35 տարվա զինված հակամարտության ընթացքում զինված ուժերի գործողություններն են, որոնք կարգավորվում են միջազգային մարդասիրական իրավունքով։ Ահաբեկչության կարգավորման միջազգային կոնվենցիաներն այդպիսի գործողությունները հատուկ դուրս են թողնում ահաբեկչության շրջանակից՝ վերապահելով միջազգային մարդասիրական իրավունքին։
Միակ իրեղեն ապացույցը պահարանում գտնված մի քանի նռնակերն ու փամփուշտներն են, որոնք առանձին մեղադրանքի (228.2.1) առարկա են և իրենք իրենցով ահաբեկչություն չեն։ Այդ իրերից 35 տարվա 308 ահաբեկչական ակտի մասնակցություն բխեցնելը նշանակում է մեղադրանք կառուցել մի ապացույցի վրա, որն առնչություն չունի հանցակազմի հետ։ Դրվագների մեծ մասն էլ նախորդում է 2020 թ. դեկտեմբեր հատվածին, իսկ ականային պայթյունների հաշվարկը շարունակվում է մինչև 2024 թվականը՝ կալանքի ժամանակահատվածը։
Հոդված 214-1 — Ահաբեկչության Ֆինանսավորում
Վերագրվող արարք. «Մենք ենք մեր սարերը» կազմակերպությունը 2023 թ. մայիսին հավաքել է 212,000 դոլար (360,400 մանաթ) և փոխանցել «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» ՀԿ-ին: ԱԹՍ-ների և ՌԷՊ համակարգերի ձեռքբերման փորձեր. «Դավիթ Բեկ» վարժանքներ (մայիս–օգոստոս 2023)։
Մեղադրանքի հիմքում դրված ապացույցներ. Այստեղ ներկայացված են փաստեր, որոնք հերքում են մեղադրանքը։ Բանկային փաստաթղթերով 212 000 դոլարը հավաքվել է «Ruben Vardanyan Foundation», «Dilijan Community Center», «Aznavour Foundation» և «IDEA» հիմնադրամներից։ «Դավիթ Բեկ» ծրագիրը դատարանն ինքն է նկարագրում որպես Հայաստանի մարզերի 16–18 տարեկան դպրոցականների վեցամսյա մրցույթ։
Սահմանված պատիժ. Դատավճռով նշանակված է 13 տարի ազատազրկում։
Տարոն Սիմոնյանի վերլուծությունը. Այս հոդվածով պատասխանատվության համար պարտադիր է, որ մարդը դիտավորություն ունենա կամ առնվազն գիտակցի, որ այդ միջոցներն ուղղված են ահաբեկչությանը։ Հենց այստեղ դատավճիռը հերքում է ինքն իրեն. մեղադրանքի հիմքում դրված ապացույցները նկարագրում են դպրոցականների մրցույթ Հայաստանում, դիտարկման համար նախատեսված ԱԹՍ-ներ և չկայացած գնման հարցում։ Ուշադրության է արժանի նաև ֆինանսավորման եղանակը։ Գումարը եկել է հրապարակային, հաշվետվողական հիմնադրամներից և անցել երեք հայտնի բանկերի պաշտոնական հաշիվներով։ Ահաբեկչությունն այդպես չի ֆինանսավորվում. դրա էությունը միջոցների ծագումն ու նպատակը թաքցնելն է։
Ի վերջո, դատարանի դատողությունը տրամաբանական փակ շրջան է. «ճակատը» ահաբեկչական է, որովհետև Ռուբեն Վարդանյանը ֆինանսավորել է այն, իսկ ֆինանսավորումը հանցավոր է, որովհետև «ճակատը» ահաբեկչական է։
Հոդված 214-2 — Ահաբեկչության հրապարակային կոչեր
Վերագրվող արարք. Վերագրվող արարք ընդհանրապես ձևակերպված չէ։ Հոդվածը ամբողջ դատավճռում հանդիպում է ուղիղ մեկ անգամ՝ միայն պատիժների ցանկում։
Մեղադրանքի հիմքում դրված ապացույցներ. Ապացույցներ ընդհանրապես չկան, քանի որ այս հոդվածով մեղադրանք չի առաջադրվել և քննություն չի իրականացվել։ Եթե դատարանը նկատի է ունեցել Վարդանյանի ելույթները, ապա դրանց վերաբերում են № 3-16-16/2-4/717-4/730 և № 3-16-16/2-4/703-4/712 եզրակացությունները՝ երկուսն էլ 26.11.2024 թ., որոնց եզրափակիչ մասերը գրեթե բառացի նույնական են։
Սահմանված պատիժ. Դատավճռով նշանակված է 14 տարի ազատազրկում՝ առանց մեղադրանքի և առանց մեղավոր ճանաչման։ Ընդ որում՝ հոդվածով սահմանված առավելագույն պատիժը 5 տարի է ։
Տարոն Սիմոնյանի վերլուծությունը. Սա դատավճռի ամենացնցող թերություններից է։ Այս հոդվածով Ռուբեն Վարդանյանին մեղադրանք չի առաջադրվել, դատարանում այն չի քննվել, և մեղադրանքի ցանկում այն չկա։ Այսինքն՝ նա երբեք հնարավորություն չի ունեցել պաշտպանվելու այն մեղադրանքից, որով, ի վերջո, ստացել է 14 տարի ազատազրկման դատավճիռ։
Դրան գումարվում է պատժաչափի խախտումը. հոդվածով սահմանված առավելագույն պատիժը 5 տարի է, իսկ նշանակվել է 14 տարի՝ գրեթե երեք անգամ ավելի։ Իսկ եթե ենթադրենք, որ խոսքը ելույթների մասին է, ապա հոդվածը պահանջում է կոչ՝ ահաբեկչության կատարման կոնկրետ արարք՝ ակտ։ Դատարանի մեջբերած խոսքերում՝ «Ես չեմ հանձնվի Ադրբեջանի պայմաններին», «Ինտեգրման մասին խոսք լինել չի կարող», չկա պայթյուն, հրկիզում կամ սպանություն կատարելու ոչ մի կոչ։ Քաղաքական դիրքորոշումն ահաբեկչության կոչ որակելը միաժամանակ խեղաթյուրում է այդ հասկացությունը և խախտում խոսքի ազատությունը։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: