Քաղաքականություն
19.10.2026 | 14:32
Ֆրանսիայում ուսանող ցուցարարները փակել են Լուվրի թանգարանի մուտքը՝ իրենց աջակցությունը հայտնելու ավագ դպրոցների աշակերտների ցույցերին և դատապարտելու «ոստիկանական բռնաճնշումները»։ Այս մասին AFP գործակալությանը հայտնել են թանգարանի ղեկավարությունից և երկու արհմիություններից, գրում է France 24-ը։
«Մենք հպարտությամբ հայտարարում ենք, որ փակում ենք աշխարհի ամենամեծ թանգարանի մուտքը»,- ասված է Լուվրի մուտքի մոտ փակցված թռուցիկում։ Բողոքի ակցիայի պատճառով թանգարանը չի կարողացել դռները բացել այցելուների առջև։
Փարիզի դատախազության տվյալներով՝ շաբաթ և կիրակի օրերին ձերբակալված ավելի քան 700 մարդ կալանավորվել է։
Դատախազությունը հայտնել է, որ շաբաթ օրվա ցույցերի հետ կապված ձերբակալվել է 855 մարդ, որոնցից 557-ը կալանավորվել է։ Նրանցից 433-ը չափահաս են եղել։
«Ոստիկանությունում պահվող անձանցից 278-ի կալանքի ժամկետը երկարաձգվել է, մասնավորապես, Ելիսեյան դաշտերում, Շատլեում, Սեն-Լազարում և Ռեպուբլիկում գտնվող խանութներից գողությունների և թալանի դեպքերի առնչությամբ»,-հավելել է Դատախազությունը։
Կիրակի ձերբակալվել է ևս 208 մարդ, որոնցից 145-ը կալանավորվել է։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի