«Այն, ինչ որ հայտարարվում է, իրականությանը չի համապատասխանում։ Մենք նման հայտարարություններ լսել ենք և՛ Թեղուտի ժամանակ, երբ որ «Վալեքսը» ասում էր՝ վերջին տեխնոլոգիաներն են կիրառելու․ տեսանք, թե ինչ տեխնոլոգիաներ կիրառվեցին կամ չկիրառվեցին, և չորս տարի հետո իրենք սնանկ ճանաչվեցին, լքեցին այդ տարածքը՝ հատելով 800 հեկտար անտառ՝ տեղը չտնկելով ոչ մի բան։ Հիմա նույն բանը կրկնվում է այստեղ։ Իրենք չունեն շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում և փորձաքննություն, որովհետև դա ուժը կորցրել է։ Ի՞նչ չափանիշի մասին կարող է խոսք լինել, եթե իրենք չունեն ՇՄԱԳ, եթե չունեն փորձաքննական դրական եզրակացություն, եթե իրենք նոր ինչ-որ բան են ներկայացրել, նորից պիտի անցնեին իրենք փորձաքննություն, որը չի արվել, չի եղել նոր փորձաքննություն ընդհանրապես»,- Aravot.am -ի հետ զրույցում «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի ներկայացուցիչ, բնապահպան, իրավաբան Նազելի Վարդանյանը՝ պատասխանելով հարցին՝ քիչ առաջ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը ճեպազրույցում հայտարարել է, որ «Ամուլսարի» հանքավայրի շահագործումը լինելու է միջազգային չափանիշներին համապատասխան, որ փորձագետները տվել են եզրակացություն, հանքի շահագործումը նվազագույն ազդեցություն է ունենալու Ջերմուկի և Սևանի էկոհամակարգի վրա։ Նաեւ՝ հանքի շահագործման արդյունքում, ըստ Պապոյանի, տարեկան 130 միլիոն դոլար հարկ է գեներացվելու, մեր երկիրն է զարգանալու, ինչը շատ կարեւոր է:
Նազելի Վարդանյանը հիշեցնում է՝ «Էլարդ»-ի փորձաքննությունը եղել է վերջինը և այն վերջակետ է դրել այս ամեն ինչի վրա՝ ասելով, որ այս ծրագրի մեջ նշված բոլոր տվյալները թերի են, սխալ են, և դրա հիման վրա հնարավոր չէր տալ հանքի շահագործման դրական եզրակացություն․ «Հեռուստակամուրջի ժամանակ, վարչապետի ուղիղ հարցին՝ դուք ի՞նչ կանեիք այս հանքի հետ, իրենք ասացին՝ թույլ չէինք տա, որովհետև դա ջրհավաք ավազան է՝ Սևանի ջրհավաք ավազանն է ըստ օրենքի, և ձեր ջրերը բոլոր դեպքերում աղտոտվելու են թթվային դրենաժի արդյունքում ու 500 տարի չի վերականգնվելու, եթե նույնիսկ միլիոնավոր դոլարներ ծախսվեն։ Ի՞նչ պատասխանատվության մասին է խոսքը։ Այն, ինչ որ հայտարարում են, սա ամենամեծ անպատասխանատվությունն է, և դրա համար ուշ թե շուտ պատասխան են կրելու այն անձինք, ովքեր նման անպատասխանատու հայտարարություններ են անում»։
Բանախոսը զարհուրելի է համարում, որ COP-ից մեկ շաբաթ առաջ ՀՀ կառավարությունը ձեռնոց նետեց միջազգային հանրությանը և նման հանքի բացում արեց։ Միաժամանակ, նա հիշեցնում է՝ նման բացումներ շատ են եղել, ու այդ բացումը չի լինելու․ «Հանքը չի աշխատելու, Ամուլսարը սար է մնալու»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: