Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր պարտքն է համարում երկրորդ ժամկետով առաջադրվելը, եթե նախագահական ընտրությունները կայանան նախքան պատերազմի ավարտը։ Այս մասին նա հայտարարել է «NBC News»-ին տված հարցազրույցում:
«Եթե ընտրությունները լինեն պատերազմի ընթացքում, ապա, բնականաբար, ողջ պատասխանատվությունն ինձ վրա եմ վերցնելու, քանի որ պարտավոր եմ պաշտպանել հայրենիքս՝ այս պատերազմի առաջին իսկ օրվանից մինչև վերջ»,— նշել է Զելենսկին:
Միևնույն ժամանակ պետության ղեկավարն ընդգծել է, որ քվեարկության կազմակերպումը նախևառաջ պայմանավորված է անվտանգության գործոնով։
«Ես ասել եմ՝ եթե պատերազմը չավարտվի, և եթե Թրամփն ու Պուտինը ցանկանան, որ ես ընտրություններ անցկացնեմ, ապա մեզ առնվազն պետք է… Իհարկե, առաջնահերթը մեր ժողովրդի կամքն է, բայց եթե նրանք իսկապես դա են ուզում, ես ասացի՝ տվեք մեզ առնվազն 60-օրյա զինադադար՝ առանց որևէ այլ բանակցությունների: Ընդամենը 60 օր, և մենք կանենք հնարավոր ամեն բան մեր օրենսդրությունը փոխելու համար, կանենք հնարավոր ամեն ինչ անվտանգության անհրաժեշտ ենթակառուցվածքները նախապատրաստելու համար: Սակայն հավատացեք ինձ՝ սա բացարձակապես վտանգավոր ու անհավանական է թվում, որովհետև մեզ անհրաժեշտ են ազնիվ ընտրություններ, մեզ պետք է, որ մեր զինվորները քվեարկելու հնարավորություն ունենան: Չէ՞ որ ճշմարտությունն այն է, որ նրանք պարտավոր են քվեարկել, քանի որ հենց իրենք են պաշտպանում մեր երկիրը: Եվ ես հենց դա էլ ասել եմ. եթե կարծում եք, թե ես ընտրություններ չեմ ուզում, դա սուտ է և անարդարացի, ու ամբողջ աշխարհն է դա հասկանում՝ նկատի ունեմ առնվազն Եվրոպայում, և վստահ եմ, որ Միացյալ Նահանգներում նույնպես», – հավելել է նախագահը: