«Մենք Ռուսաստանի կողմից որևէ ազդանշան չենք տեսնում, որ նա պատրաստ է ավարտել պատերազմը»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բրյուսելում Եվրոպական Միության առաջնորդների հանդիպումից առաջ։
Ուկրաինայի նախագահը նշել է, որ Կիեւը ցանկանում է հնարավորինս շուտ ավարտել պատերազմը։ Ըստ նրա՝ իրենց համար այս պահին առաջնային խնդիրներից մեկը ձմռան նախապատրաստումն է, հատկապես էներգետիկայի, հակաօդային պաշտպանության և ֆինանսավորման առումով։
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան իր հերթին նշել է, որ այժմ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները թուլացնելու ժամանակը չէ։ «Ուկրաինային Եվրոպական միության աջակցությունը մնում է նույնքան ամուր, որքան երբևէ։ Այժմ Ուկրաինային աջակցությունից հրաժարվելու ժամանակը չէ։ Այժմ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները մեղմելու ժամանակը չէ։ Այժմ մեր աջակցությունն ուժեղացնելու և ճնշումն ավելացնելու ժամանակն է»,- հայտարարել է Եվրախորհրդի նախագահը։
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ իրենք չեն հանի որևէ պատժամիջոց, քանի դեռ Ռուսաստանը չի ավարտել պատերազմը։ «Մենք պաշտպանեցինք Թրամփի առաջարկած «էներգետիկ զինադադարը», սակայն պարզ դարձավ, որ Ռուսաստանը չի պահպանել այն նույնիսկ մեկ րոպե։ Փոխարենը՝ Ռուսաստանն ընտրեց լարվածության սրման ուղին, և հենց այդ պատճառով մենք պետք է ուժեղացնենք ճնշումը նրանց վրա։ Մենք չենք հանի որևէ պատժամիջոց, քանի դեռ Ռուսաստանը չի ավարտել պատերազմը»,- ընդգծել է Եվրահանձնաժողովի նախագահը համատեղ ասուլիսի ժամանակ։