Երևանում ընթացող «Առաջնորդները հանուն բնության» գագաթնաժողովի շրջանակում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ծավալուն ելույթ ունեցավ՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանի կառավարությանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանին բնապահպանական կարևորագույն համաժողովը բարձր մակարդակով հյուրընկալելու համար։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծեց, որ Հայաստանի ստանձնած դերը բեկումնային է գլոբալ բնապահպանական օրակարգում։
«Մինչև 2030 թվականը Հայաստանը ստանձնում է պատասխանատվություն։ Երևանը պաշտոնապես որոշում է՝ արդյո՞ք բավարար ենք անում ամբողջ աշխարհում, թե՝ ոչ»,- հայտարարեց Անտոնիո Գուտերեշը։
Գուտերեշի խոսքով՝ կլիմայական քաոսը, թունաքիմիկատների չկարգավորված օգտագործումը, աղտոտումն ու ինվազիվ տեսակները սպառնում են մոլորակին, իսկ ավելի քան 1 միլիոն բուսական և կենդանական տեսակներ գտնվում են ոչնչացման եզրին։
Չնայած «Կունմին-Մոնրեալ» շրջանակի ընդունումից հետո երկրների 90%-ը սահմանել է ազգային թիրախներ, իսկ 2022-ից ի վեր պաշտպանության տակ է առնվել լրացուցիչ 1.3 միլիոն կմ² ցամաքային և 6 միլիոն կմ² ջրային տարածք, գլոբալ առաջընթացը դեռևս անհամաչափ է և դանդաղ։
«Ներկայիս տեմպերով մինչև 2030 թվականը կպաշտպանվի ցամաքի 23%-ը և ջրային տարածքների 12%-ը, ինչը զգալիորեն զիջում է Մոնրեալում ստանձնած «30×30» թիրախին»,- ասաց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։
Գուտերեշը հատուկ ողջունեց նաև գագաթնաժողովում ընդունված Երևանյան հռչակագիրը, որը, ըստ նրա, կենսաբազմազանության զարգացման բեկումնային հարթակ է դառնում։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաև անհանգստություն հայտնեց, որ աշխարհում ֆինանսական միջոցները ծախսվում են սխալ ուղղությամբ։
«Ցանկացած դոլարի դիմաց, որն ուղղվում է բնության պահպանությանը, 30 դոլար ծախսվում է դրա քայքայման վրա։ 2023 թվականին 7.3 տրիլիոն ԱՄՆ դոլար է ուղղվել բնության տեսանկյունից բացասական գործողություններին։ Հանածո վառելիքի սուբսիդավորումն ինքնասպանություն է»,- շեշտեց Գուտերեշը։
Նա կոչ արեց մինչև 2030 թվականը բնահեն լուծումների տարեկան ներդրումները հասցնել 530 միլիարդ դոլարի և բարեփոխել միջազգային ֆինանսական ճարտարապետությունը։
Ելույթի ավարտին Անտոնիո Գուտերեշը հուզվեց՝ խոսելով իր պաշտոնավարման վերջին օրերի մասին։
«76 օր է մնացել իմ պաշտոնավարմանը որպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար։ Իմ մեծագույն առաջնահերթություններից մեկն էր պայքարել եռակի մոլորակային ճգնաժամի դեմ՝ կլիմայի փոփոխություն, կենսաբազմազանության կորուստ և աղտոտում։ Մենք պետք է գործենք հրատապորեն՝ ապահովելու մեր երեխաների և մոլորակի ապագան»,- եզրափակեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան