Ալիևը հետևե՞լ է Ալեն Սիմոնյանի խորհրդին․ կվերանայի՞ նա իր վարքը

Երևանում այս օրերին մեկնարկել է ՄԱԿ-ի կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP 17-ը, որը միջազգային մակարդակի միջոցառում է և Երևանում է հավաքել աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչների՝ պետությունների, միջազգային կազմակերպությունների ղեկավարների ու այլ պաշտոնյաների մակարդակով։ Անգամ Թուրքիան է մասնակցություն ապահովել գյուղատնտեսության նախարարի մակարդակով։

COP 17-ը թերևս լավ առիթ էր հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ առաջընթացը փաստելու և նաև Ադրբեջանից թեկուզ չինովնիկական մակարդակով ներկայություն ապահովելու համար։ Թերևս հայկական կողմն այդպիսի ակնկալիքներ ուներ և այդ հնարավորությունը իշխանությունները կօգտագործեին հանրությանը ցույց տալու համար, որ խաղաղության հաստատման ուղղությամբ իրենց ջանքերն, այնուամենայնիվ, պտուղներ են տալիս։ Բայց այս անգամ ևս նրանց սպասելիքներն ի դերև եղան։ Այսօր լրագրողների հարցին, թե ինչո՞ւ Բաքվից պատվիրակություն չի մասնակցում այս միջազգային միջոցառմանը, ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը պատասխանեց՝ փորձելով արդարացնել նրանց՝ հիշեցնելով, որ Հայաստանի պատվիրակությունն էլ 2024 թվականին չմեկնեց Բաքու և չմասնակցեց ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի Կողմերի 29-րդ համաժողովին։

 

Այնուհանդերձ, Ալեն Սիմոնյանը ադրբեջանական կողմի բացակայությունը հիմնավորեց նաև երկու հասարակությունների շրջանում միմյանց նկատմամբ դեռևս հին  ընկալումների առկայությամբ։ «Ոնց որ մենք մեր հասարակությանը բացատրելու կարիք ունենք, այդպես էլ իրենք իրենց երկրում ասելիք ունեն, դա իրենց որոշումն է, և դա որևէ ձևով չի կարելի պրոյեկտել հարաբերությունների վրա։ Այս պահին այդ հարաբերություններում որևէ լարվածություն չկա և չի էլ ակնկալվում»,- ասաց ԱԽ քարտուղարը։

 

ՔՊ-ի հավաստմամբ՝ 2024 թվականից հետո հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ մեծ առաջընթաց կա։ Փաշինյանը պարբերաբար հիշեցնում է, որ Ադրբեջանը մեծահոգաբար բացել է իր սահմանը Վրաստանով դեպի Հայաստան ադրբեջանական և երրորդ երկրների ապրանքների փոխադրման համար՝ այդպիսով տնտեսական հարաբերությունների որոշակի հարթակ ձևավորելով։ Նաև Հայաստանից է գնացքով հայկական արտադրության ապրանքների փոխադրում իրականացվել դեպի Ադրբեջան։ Երկու տարի է` սահմանին փոխհրաձգություններից զինվորներ չեն զոհվում և վիրավորվում, քանի որ շփման գծում խաղաղություն ու անդորր է։ Երկու երկրների քաղհասարակությունները արդեն մի քանի անգամ Հայաստանում և Ադրբեջանում հանդիպել և քննարկել են երկու ժողովուրդների միջև խաղաղ համակեցության համար անհրաժեշտ քայլերի իրականացման մասին հարցերն ու հեռանկարները։

Փաշինյանը դա զգալի ձեռքբերում է համարում խաղաղության հաստատման գործընթացում։ Նաև արևմտյան կամ ԱՊՀ երկրների հարթակներում տարբեր միջոցառումների ժամանակ Ալիևին ուղղված մտերմիկ ու փաղաքուշ հայացքով Փաշինյանը փորձում է ապացուցել մեզ, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև եղած երբեմնի թշնամանքն այլևս պատմություն է, և ինքը կարողացել է պատմության նոր էջ կերտել երկու ժողովուրդների համար ու մեկընդմիշտ փակել հակամարտությունների դրվագները։ Բայց պարզվում է, որ Ալիևն այնքան էլ չի շտապում ջերմորեն սեղմել Փաշինյանի պարզած խաղաղասիրական ձեռքը և իր ուժն ու հզորությունն ընդգծող հայտարարություններով ցույց է տալիս, որ ցանկացած պահի կարող է յուղալի վերջակետ դնել խաղաղության հաստատման գործընթացին՝ փակելով սահմանները տարանցման համար և վերսկսելով սահմանային ագրեսիան։

 

COP 17-ի բացման նախօրեին իր երկրի պատվիրակության՝ Հայաստան այցի մասին ազդարարելու փոխարեն Ալիևը հերթական անգամ, ապտակելով Հայաստանի իշխանություններին, հիշեցրեց, որ ինքը հայերին համարում է ագրեսոր, օկուպանտ, զավթիչ, ջարդարար, ցեղասպան։

 

Արդյո՞ք նման կարծիք հայտնելուց հետո Ալիևը կարող է խաղաղության սպասումներ ունենալ այդ երկրից, եթե հաշվի առնենք, որ մեր իշխանությունները ամենաջերմ որակումներով են արտահայտվում ադրբեջանցի պաշտոնյաների մասին՝ ցույց տալով իրենց բարիդրացիական տրամադրությունները հարևանների հանդեպ և անուրանալի հավատը համատեղ խաղաղ ու համերաշխ կեցության նկատմամբ։ Այնուհանդերձ, դրանից Ալիևի հռետորաբանությունը չի մեղմանում։ Չի մեղմանում անգամ ԱԽ քարտուղար, ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանի՝ իրեն ուղղված բարեկամական խորհրդից հետո՝ հնարավորինս խուսափել ագրեսիվ հայտարարություններ անելուց Հայաստանի նախկին ու ներկա իշխանությունների ու ժողովրդի հասցեին։

Այսօր լրագրողների հետ զրույցում Ալեն Սիմոնյանը խոստովանեց, որ առիթ է ունեցել Ադրբեջանի նախագահին խնդրելու մեղմել իր հռետորաբանությունը, քանի որ նրա հայտարարությունները հայ հասարակության կողմից շատ զգայուն են ընկալվում։ Ալեն Սիմոնյանը նաև ընդունեց, որ այդ ուղղությամբ աշխատանք կա անելու։ Այդուհանդերձ, նրա համար բնականոն է, որ նախորդ 30 տարիների հակամարտությունից հետո Ալիևը մեղադրական ու սուր գնահատականներ տա հայկական կողմին.

 

«Ալիևը նաև անդառնալի խաղաղության մասին է խոսում, սակայն երբ գնահատական է տալիս այն 30 տարիներին, որոնք նրանք համարում են օկուպացման տարիներ, բնական է, որ չի կարող դրական էպիտետներով խոսել։ Չի կարող մի երկրի ղեկավարը, որը 30 տարի պատերազմի մեջ է եղել, չխոսել բացասական էպիտետներով։ Ես ընդունում եմ, որ այդ հռետորաբանության ուղղությամբ աշխատելու բան կա։ Հաջիևից բացի ես նաև նախագահ Ալիևին խնդրել եմ և ասել՝ դուք պետք է իմանաք, որ ձեր հայտարարությունները Հայաստանում շատ զգայուն են ընդունվում, և երբ մենք խոսում ենք խաղաղության մասին, կարևոր դերակատարում ունեք նաև դուք և ձեր հռետորաբանությունը, որը Հայաստանում լսելի է»,- լրագրողներին պատմեց Սիմոնյանը։

 

Ալեն Սիմոնյանին, թերևս, պետք է հիշեցնել, որ Ալիևը պարբերաբար հակամարտության ժամանակահատվածին գնահատականներ տալուց բացի նաև ՀՀ ներկա իշխանություններին է մեղադրանքներ ներկայացնում։ Դեռ հոկտեմբերի 2-ին իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության համագումարում Ալիևը հայտարարել է, որ անհնար է բոլոր մեղքերը բարդել Հայաստանի նախկին ղեկավարության վրա։ Հայաստանի նախկին ղեկավարներին որակելով ռազմական հանցագործներ՝ Ալիևը գործող իշխանություններին էլ մեղադրել է Ադրբեջանին տարածքային պահանջներ ներկայացնելու և ադրբեջանցի ժողովրդի արժանապատվությունը վիրավորելու մեջ, ինչի մասին կոչ է արել իր ժողովրդին երբեք չմոռանալ․ «մենք երբեք չպետք է մոռանանք այդ մասին»։ Այդպիսով, Ալիևը ոչ միայն շարունակում է պատմական թշնամանքի վրա հիմնված խոսույթը, այլ նաև ՀՀ ներկա իշխանություններին, որոնց հետ իբրև պետք է խաղաղության օրակարգ հաստատի, հավասարաչափ հանցագործ է համարում։

Մինչ Փաշինյանը մեր հասարակությանը փորձում է դուրս բերել հարևան երկրի նկատմամբ երկարատև թշնամանքի շրջանից ու ջնջել տալ այդ հիշողությունները, այդ երկրի ղեկավարությունը հակառակը՝ շարունակում է թշնամանքի սերմանումը իր հասարակության ու սերունդների շրջանում, նաև իր տեսակի գերակայությունը շեշտելով մեր ազգի նկատմամբ, ինչը հակասում է հավասարը հավասարի հետ համակեցության գաղափարախոսությանը։ Ու չնայած Ալեն Սիմոնյանի խնդրանքներին ու նախազգուշացումներին, ընդամենը մեկ օր առաջ Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների կոնֆերանսի 7-րդ գագաթնաժողովում ելույթ ունենալիս, Ալիևը կրկին չի խնայել ՔՊ-ականներին։ Նա հայտարարել է, թե Հայաստանի նախորդ ղեկավարությունը՝ բոլոր երեք նախկին նախագահները և նրանց կողմնակիցները, ռազմական հանցագործներ են և դեռևս չեն ստացել իրենց արժանի պատիժը։ Նրա ներկայացմամբ՝ 2018 թվականից ի վեր Հայաստանի ներկայիս ղեկավարությունը շարունակել է իր նախորդների հանցավոր քաղաքականությունը։

 

«2019 թվականին Հայաստանի ներկայիս վարչապետը այդ ժամանակ դեռ օկուպացված Ղարաբաղի Խանքենդիի շրջանում հայտարարեց՝ Ղարաբաղը Հայաստան է, և վերջ։ Միևնույն ժամանակ, Հայաստանի պաշտպանության նախարարը սպառնաց Ադրբեջանին նոր պատերազմով՝ նոր տարածքների դիմաց։ Այսպես կոչված միջազգային հանրությունը, աչք է փակել այս անսահման անամոթության վրա։ Ոչ ոք չդատապարտեց Հայաստանին օկուպացիայի, ռազմական հանցագործությունների, էթնիկ զտումների, կոտորածների և ադրբեջանական ժողովրդի կրոնական սրբավայրերի պղծման համար: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չկարողացավ կիրառել իր բանաձևերը, իսկ ԵԱՀԿ-ն մնաց անտարբեր»,- ասել է Բաքվի բռնապետը։ Նրա խոսքով՝ մեկ օրից էլ պակաս ժամանակում Հայաստանի «օկուպացիոն բանակը» Ղարաբաղում ջախջախվեց, իսկ «անջատողականների առաջնորդները, մանկասպանները» կանգնեցին ադրբեջանական դատարանի առջև.

 

«Նրանք, ովքեր սպառնում էին մեզ տանկերով գալ և օկուպացնել Բաքուն, այսօր ադրբեջանական թեյ են խմում ադրբեջանական բանտերում, իսկ նրանց տանկերը ցուցադրված են ռազմական ավարների պուրակում: Եթե Հայաստանի նկատմամբ ժամանակին պատժամիջոցներ մտցվեին օկուպացիայի, ցեղասպանության և էթնիկ զտումների համար, Ադրբեջանը ստիպված չէր լինի մարտի դաշտում ոտնատակ անել հայկական ֆաշիզմը: Պատերազմը մեր ընտրությունը չէր, մեզ դրան դրդեց Հայաստանը»,- հավելել է Ալիևը:

Նման բովանդակությամբ հայտարարությունները, համաձայնեք, որ հեռու են խաղաղասիրական ու եղբայրական նպատակներից։ Մյուս կողմից էլ Ալեն Սիմոնյանի՝ ալիևյան հռետորաբանությանը տված մեկնաբանությունները ապշեցնում են․ արդյո՞ք նման անհամաչափ վերաբերմունքի կարող է արժանանալ։

 

ԱԽ քարտուղարը, թվում  է, ընդունում է Ալիևի բոլոր պիտակավորումները Հայաստանի հասցեին և դեռ արդարացնում, թե՝ բա ի՞նչ էիք ուզում, նախորդ հակամարտության տարիների մասին Ալիևը այդպես է՞լ չխոսի։

 

Տպավորություն է ստեղծվում, թե Ալեն Սիմոնյանը հաշտ է այն Ալիևի այն մտքի հետ, թե հայերը ջարդարար, ֆաշիստ, մանկասպան, եղեռագործ և զավթիչ են, ու դա նաև ներշնչում են միջազգային հանրությանը, տարբեր երկրների ժողովուրդներին։

 

Այսօր իշխանությունները Երևանում են հավաքել միջազգային հեղինակավոր կառույցների ու պետությունների ղեկավարներին, որպեսզի հնարավորինս լավագույն որակներով Հայատանը ներկայացնեն աշխարհին։ Բայց քանի՞ կոպեկ արժեն այդ ջանքերը, եթե պաշտոնական Երևանը քաջություն չունի՝ Ալիևի զրպարտությունները, սուտն ու կեղծիքը սանձելու և աշխարհին իրականությունը պատմելու։ Անգամ այս օրերին են նրանք երկյուղում այդ միջազգային հանրության գոնե ականջին մեղմիկ շշնջալու, որ Ալիևը բազմաթիվ ստերով աղճատում է պատմական իրողությունները և բոլորիդ թյուրիմացության մեջ գցում։ Նման պայմաններում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգից խոսելն իլյուզիա է, այդ երկու պետությունների միջև միայն հպատակի և տիրողի հարաբերություններ կարող են հաստատվել։

 

Թագուհի Ասլանյան

Leave a comment